Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Տարբեր պետական այրեր շնորհավորական ուղերձներ են հղում, որոնցում սակայն շրջանցում են երեխաների իրավունքների պաշտպանության պետական քաղաքակության խնդիրներն ու իրավունքների պաշտպանվածության իրական վիճակը:
Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան, իսկ յուրաքանչյուր երկրորդը խոցելի է բազմաչափ աղքատության տեսանկյունից: Սա է փաստում 2016 թվականի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Մանկական աղքատությունը Հայաստանում» համատեղ զեկույցը: Ընդ որում, երեխաների դեպքում աղքատ լինել նշանակում է ոչ միայն ունենալ դրամական միջոցների կարիք, այլև զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից՝ սննդից, կրթությունից, կոմունալ, կացարանային և ժամանցի պայմաններից: Իրավիճակն առավել ողբերգական է գյուղական համայնքներում ապրող երեխաների համար` այստեղ նրանց խոցելիությունը հասնում է 82%-ի:
Սննդի առումով խոցելի են 0-5 տարեկան երեխաների գրեթե 1/3-ը, և դա արտացոլվում է երեխաների աճի վրա: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19%-ը ցածրահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված, իսկ 10%ը` ծայրահեղ թերաճ:
Թեև կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, տարեցտարի ավելի քիչ թվով երեխաներ են ստանում տարրական կամ միջնակարգ կրթություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոց չի հաճախել տարրական դասարանի տարիքի երեխաների 8,4%-ը: Մինչդեռ 2011-2012 ուսումնական տարում այդ թիվը կազմել էր ընդամենը 1%: Սակայն, տարրական դասարաններում դպրոց հաճախելը դեռևս կրթություն ստանալու երաշխիք չէ, քանի որ բազմահազար երեխաներ դուրս են մնում դպրոցից աղքատության պատճառով: Դարձյալ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ 2007-2012 թթ. դպրոցներից հեռացել և որևէ տեղ ուսումը չի շարունակել ավելի քան 22,3 հազար աշակերտ:
Նրանց մեծամասնությունը ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ չունենալով համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ, մի մասն էլ ստիպված է եղել տարատեսակ աշխատանքներ կատարել իր գոյությունն ապահովելու համար: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի:
Հայաստանը թեև վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն 1/3 չափով է կատարում կոնվենցիայի շրջանակներում հանձնառած իր պարտավորությունները: «Երեխայի պաշտպանության ինդեքս-2016»-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է օրենքներում և իրավական ակտերում ամրագրել այն, ինչ պարտավորվել է, սակայն թերացել է արդեն նաև ազգային օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների կիրառման հարցում:
Երեխայի պաշտպանության ինդեքսն իրականացվել է 9 երկրներում (Հայաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կոսովո, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան), որոնցից Հայաստանը մի քանի ցուցանիշներով զբաղեցրել է վերջին հորիզոնականները: Երեխայի տնտեսական շահագործման և խոցելիության ինդեքսում Հայաստանը վերջին՝ 9-րդ հորիզոնականում է, իսկ երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից և սեռական շահագործումից պաշտպանելու ինդեքսում նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում է:
Արման Ղարիբյան