Հունիսի 20-ի վաղ առավոտվանից տարբեր լրատվականներ և տելեգրամյան ալիքներ հրապարակումներ են անում մի շարք ընտրախախտումների մասին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրում է նմանատիպ ահազանգերը․ շատ դեպքերում պարզվում է, որ այդ տեղեկություններից ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը, կամ, առհասարակ, ահազանգերի առիթները չեն հանդիսանում խախտում։
21:30 Politik.am, 7or.am, Asekose.am լրատվական կայքերը, հղում անելով Mediaport տելեգրամյան ալիքիvտվյալներին, գրեցին, որ Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքով 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, 112 ձայն ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ընդամենը 4 ձայն ստացել է:
Սակայն ժամեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արդյունքներ, որոնք էականորեն տարբերվում էին Mediaport-ի տվյալներից: Այսպես, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 163 ձայն, «Հայաստան» դաշինքը` 135, երրորդը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն է՝ 43 ձայն:
16:31 «Հրապարակը» հայտնել էր, որ Շենգավիթի 8/7 տեղամասում քվեարկել են մահացած մարդու փոխարեն։ Սակայն հրապարակմանը կից տեսանյութից պարզ է դառնում, որ ընտրացուցակում քաղաքացու կողմից հայտնաբերվել էին մահացած մարդու տվյալներ։ Քաղաքացին ցանկացել էր ինքնակամ նշում կատարել դրա վերաբերյալ գրանցամատյանում, ինչը հանձնաժողովի նախագահի կողմից թույլ չէր տրվել։ Սակայն տեսանյութում որևէ խոսք չկա այն մասին, որ մահացած ներկայացվող քաղաքացու փոխարեն քվեարկել են:
Նկատենք, որ ցուցակներում կարող են լինել այն քաղաքացիների անունները, որոնք մահացել են Հայաստանի սահմաններից դուրս և այդ մասին ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունը չի տեղեկացվել։
13:18 Hraparak.am-ը, հղում անելով «Խայադթայի» կազմում դիտորդական առաքելություն իրականացնող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հրապարակած տեսանյութին, գրել էր, թե լրագրողի վարքի պատճառով կանգ էր առել քվեարկությունը։
Մինչդեռ ավելի ուշ freenews.am կայքը հրապարակել էր ամբողջական տեսանյութը, որտեղ երևում է, որ խախտումը ոչ թե լրագրողինն էր, այլ վստահված անձինը, որը, ներկա գտնվելով ընտրատեղամասում, իրավունք չունի չներկայանալ, առավել ևս՝ միտումնավոր ծածկել բեյջը։
11:53 AntiFake.am-ը ահազանգում էր, որ Նորքի տուն-ինտերնատում (ծերերի խնամքի կենտրոն) չեն ապահովում տարեցների ընտրելու իրավունքը. պատճառաբանում են, թե մարզում են գրանցված։ Fip.am-ի հետ զրույցում Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը պարզաբանել էր, որ ծերերից որևէ մեկի ընտրելու իրավունքը չի խախտվել, ուղղակի կան տարեցներ, որ իրենց գրանցման հասցեն չեն փոխել։
10:50 Լրատվամիջոցները, հղում անելով «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» հայտարարությանը, գրեցին, որ «Հայրենիքի պաշտպանի տանը» ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողներն ահազանգում են, որ նրանց հնարավորություն չի տրվում քվեարկել շրջիկ արկղի միջոցով։ Մինչդեռ կենտրոնից Fip.am-ի հետ զրույցում հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ չկա որևէ վիրավոր զինծառայող, որը տեղաշարժման հետ կապված բարդություններ է ունեցել և ցանկություն է հայտնել քվեարկել բուժհաստատությունում։
10:41 Aysor.am, Hraparak.am, ինչպես նաև «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Սամսոնյանին պատկանող AntiFake.am կայքերը տեսանյութ էին տարածել՝ նշելով, որ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է, թե որ կուսակցության քվեաթերթիկն է բացակայում, ում օգտին են քվեարկել: Տեսանյութը հեռարձակվել էր նաև Armenia TV-ի Ժամը լրատվական հեռուստածրագրի ժամանակ։
Մինչդեռ, տեսանյութից ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահը ուղղակիորեն կատարում է իր պարտականությունները՝ հավաքելով քվեախցում կուտակված ավելորդ քվեաթերթիկները։
10։35 Ընտրատեղամասում խախտման մասին տեսանյութ էին հրապարակել PARA TV և Yerkir Media TV հեռուստաընկերությունները՝ նշելով, որ Գետափ գյուղի ընտրատեղամասում ընտրաթերթիկների սեղանի կողքին գրիչ է դրված։ Ակնհայտ է, որ գրիչը նախատեսված է ընտրողների ցուցակում ընտրողի կողմից ստորագրություն թողնելու համար։ Այդպես է բոլոր ընտրատեղամասերում։
10:15 Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր Ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Ներքին Պտղնիում «Հայաստան» դաշինքի 24 համարի քվեաթերթիկների 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշաններ կան: Տեղեկությունն արտատպել էին 7or.am և Yerevan.Today կայքերը։ Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը դեռ երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրենց դաշինքի քվեաթերթիկների վրա միտումնավոր չնախատեսված նշումներ են արվել՝ քվեարկությունից հետո անվավեր ճանաչելու նպատակով:
«Հրապարակի» հետ զրույցում Կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն հերքել է այն տեղեկությունը, որ տպագրական թերություններ և ծալվածք ունեցող քվեաթերթիկները անվավեր են ճանաչվելու։ «Ես այդ մասին արդեն խոսել եմ և ևս մեկ անգամ ասում եմ, որ տպագրական թերությունների պատճառով քվեաթերթիկը անվավեր չի կարող ճանաչվել, ծալված լինելու դեպքում էլ չի կարող անվավեր ճանաչվել»,- ասել է Սմբատյանը:
09։36 Para TV-ին ահազանգել էր, որ Գորիսում՝ 34/3, 34/10 և 34/13 տեղամասերում սպաներն ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչպես նաև եղել են բաց քվեարկության դեպքեր։ Հրապարակմանը կից կարճատև տեսանյութում, սակայն, չկա որևիցե ապացույց նմանատիպ հայտարարության համար։
Քիչ անց լրատվականը մեկ այլ տեսանյութ հրապարակեց, որում որպես դիտորդ ներկայացող «Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդում էր, որ եղել է բաց քվեարկություն:
«Որը որ դրսից ա գալիս․․․ համատարած զորքին ստիպողական ա, թե ոնց ա, բոլորը գալիս են 3-րդ համարը հանում են տանում քցում են․․․»,- նշում է վստահված անձը՝ նաև հայտնելով, որ զինծառայողները քվեաթերթիկները գցել են արկղ առանց ծրարի։
«Փաստերի ստուգման հարթակը» մոնիթորինգ է անցկացրել տվյալ տեղամասերի ներսում տեղարդված տեսախցիկների հեռարձակումների միջոցով և պարզել, որ տեղամասերի բացման պահից մինչև հրապարակումների պահը նմանատիպ խախտումներ չեն հայտնաբերվել։
09:18 Լրատվամիջոցները տարածել էին լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել, դուրս է եկել ու, մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած, ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում մինչև 50 մ հեռավորության վրա:
Ալեն Սիմոնյանը, սակայն, արձագանքել էր այդ գրառմամբ՝ լրագրողին ստախոսության մեջ մեղադրելով։ Նա պարզաբանել էր, որ դեռ չի քվեարկել, ապրում է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ, իսկ քվեարկում է Մուշեղ Իշխանի դպրոցում։