Ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Հանրապետական» կուսակցության մի շարք պատգամավորներ մեկնաբանություններով հադնես եկան:
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» լրատվականի հետ զրույցում հետևյալ միտքն արտահայտեց. «…քաղաքական դաշտում տատանումները շատ են լինում և տարբեր ձևով: Եթե դուք նայեք բոլոր քաղաքապետերի ընտրությունները, գրանցվել են այդ նույն արդյունքները …»:
«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշեց անդրադառնալ ՏԻՄ ընտրություններին՝ հասկանալու համար, թե արդյոք քվեարկության արդյունքները միշտ այսպիսին են եղել:
Սկսենք օրեր առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններից, որտեղ «Իմ քայլը» դաշինքը գրանցեց ավելի քան 80% ձայն՝ 12 պայքարող կուսակցություններից ու դաշինքներից շատերին դուրս թողնելով ավագանու կազմում լինելու հնարավորությունից:
2017 թվականի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերից մասնակցում էին «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Ընտրություններում հաղթեց «ՀՀԿ»-ն՝ ստանալով ձայների մոտ 71%-ը: Ընդ որում՝ դա վարչական ռեսուրսի չարաշահման ու զանգվածային ընտրակաշառքի ֆոնին:
Անդրադառնանք նաև այլ քաղաքներում տեղի ունեցած ընտրություններին. 2016 թվականի Գյումրու և Վանաձորի ընտրություններին գրանցվել է հետևյալ արդյունքը:
Գյումրու ավագանու ընտրություններում 11 պայքարող կուսակցություններից ամենաշատ քվեն հավաքեց «Բալասանյան դաշինքը»՝ (14 987 ձայն), որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 34.64%-ը, իսկ Վանաձորի ավագանու ընտրություններում պատկերը հետևյալն էր՝ 8 պայքարող ուժերից ամենաշատ քվեն ուներ Հանրապետական կուսակցությունը՝ 37.6%:
Անդրադառնալով 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ այստեղ ևս ամենաշատ քվեն ուներ «Հանրապետական» կուսակցությունը՝ մոտ 49.15%: Ընտրություններում պայքարում էր 9 քաղաքական ուժ:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ 12 քաղաքական ուժերի պայքարից մեկ քաղաքական ուժի օգտին դեռևս չի գրանցվել 81.05%` մյուս կուսակցություններին բաժին տալով 6,95% («Բարգավաճ Հայաստան») և ավելի ցածր տոկոսային հարաբերությամբ ձայներ:
Հատկանշական է նաև, որ, ի տարբերություն այս ընտրակարգով սահմանված մյուս ընտրությունների, 2018 թվականի ավագանու ընտրությունները հանրության և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների կողմից գնահատվում են որպես ազատ և արդար:
Կարինե Կիրակոսյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։