Այսօր՝ հունիսի 7-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնող խումբը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մեծամորում և Կապանում փակցված պաստառների նկարներ՝ պնդելով, որ դրանք փակցված են օրենքի խախտմամբ:
Կոմիտեի ահազանգը տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ tert.am֊ը, news.am֊ը, armlur.am֊ը, 168.am֊ը, aravot.am֊ը և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզեց, որ նշված նկարների պարագայում օրենքի խախտման մասին պնդումները սխալ են:
Մեծամորում
Մասնավորապես, Մեծամորում պաստառը փակցված է 15/02 տեղամասի պատին, ինչը, ըստ այդ խմբի, արգելված է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով:
Համաձայն ԿԸՀ որոշման՝ 15/02 տեղամասը տեղակայված է Մեծամորի մշակույթի տանը, որտեղ այսօր ցերեկը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ընտրողների հետ:
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառներ, իսկ որտեղ՝ ոչ: Այդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ ամրագրվել է, որ «Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ՝ այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են…»:
Օրվա վերջում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը տրամադրել էր նկարներ, որոնք փաստում են, որ պաստառներն արդեն հանված էին:
Հետևապես, այսօր Մեծամորի մշակույթի տան մուտքի մոտ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչական պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ:
Կապանում
Սյունիքի մարզկենտրոնում, ըստ նախաձեռնող խմբի, ՔՊ-ի քարոզչապաստառը փակցված է «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի վրա, ինչը օրենսգրքի նույն՝ 21-րդ հոդվածի խախտում է:
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածն իրոք ենթադրում է, որ իրավաբանական անձանց պատկանող, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի վրա քարոզչապաստառներ կարելի է փակցնել միմիայն որոշակի դեպքերում (և սա այդ դեպքերից չէ): Սակայն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 1-ին պարբերությունը սահմանում է, որ թույլատրվում է քարոզչապաստառներ փակցնել «ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների) … վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն)…»:
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ նշված 3 հարկանի (0 հարկը չհաշված) շենքը գտնվում է Թումանյան 1 հասցեում և չի պատկանում «Հայփոստին»: Այն ստորաբաժանված շենք է, որի 1-ին հարկում գտնվում է փոստային 3301 բաժանմունքը: Նշված շենքի 2-րդ և 3-րդ հարկերը պատկանում են ֆիզիկական անձի՝ Սենիկ Ջուլհակյանին: Հենց Ջուլհակյանին պատկանող մասի պատուհանների և, որոշակի չափով, դրանց հարող արտաքին պատերի վրա են փակցված «Քաղաքացիական պայմանագրի» երկու քարոզչապաստառները:
Սենիկ Ջուլհակյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՔՊ-ին տվել է այդ պաստառների փակցման թույլտվություն (որի առկայությունը, ըստ օրենքի, անհրաժեշտ պայման է):
Հետևապես, Կապանի Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկում քարոզչական պաստառների փակցնումը ևս չի հակասում Ընտրական օրենսգրքի պահանջներին:
«Ընտրությունների վերահսկման կոմիտեն»
Հունիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ վերահսկելու են ընտրությունների ընթացքը: Փաստացի, կոմիտեի առաջին ահազանգերը սխալ են:
Նելլի Լազարյան