Ներքաղաքական ամենաքննարկվող հարցերից մեկը մնում է խորհրդարանական արտահերթ ընտրութունների անցկացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ԵԼՔ» խմբակցության դիրքորոշումը հստակ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս կարծիքին են նաև արտախորհրդարանական ուժերն ու կուսակցությունները։
Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ ընտրական օրենսդրության բարեփոխումից հետո ժամանակ է պետք՝ նոր «խաղի կանոններով» ընտրություններին պատրաստվելու համար: Սակայն, իրականում, խաղի կանոնները վաղուց են հայտնի և ամրագրված են կառավարության ծրագրում:
Դիրքորոշումներ
Արտահերթ ընտրություններին դեմ չեն խորհրդարանական «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն։ Նրանք դեռ հունիսի 7-ին կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին՝ համաձայնվելով դրանում առկա արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության կետին։
ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համար կարևոր են ընտրությունների անցկացման ժամկետները, վերջիններս ուզում են դրանք անցկացնել ոչ թե դեկտեմբերին, ինչպես Փաշինյանն է առաջարկում, այլ գարնանը՝ տալով կուսակցություններին նախապատրաստվելու հնարավորություն։
«Հանրապետական» կուսակցության պարագայում հնչել են տարբեր դիրքորոշումներ։ Նախ ՀՀԿ-ն հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների կարիքը Հայաստանում չկա։ Որոշ ժամանակ անց, երբ Փաշինյանը հայտնեց խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու իր ցանկության մասին, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ պատրաստվում է քննարկել նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր։ Արդեն երեկ, երբ Ազգային ժողովի մատույցներում բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց, Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք դեմ չեն արտահերթ ընտրություններին, իրենց խնդիրը ժամկետներն են։
Այսօր ՀՀԿ խմբակցությունը, տարածած հայտարարությամբ, հայտնեց, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ հավելելով, որ պետք է բարելավել օրենսդրությունը և քաղաքական ուժերին նախապատրաստվելու ժամանակ տալ։
Քաղաքական ուժերին պատրաստվելու համար ժամանակ տալու անհրաժեշտության մասին է խոսել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան։ Վերջինս կոչ է արել ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար։
Ընտրությունների «խաղի կանոնները» վաղուց են հայտնի
Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքները գրեթե ավարտված են և գործադիրում նախատեսում են այս շաբաթ հրապարակել նախագիծը։ Օրենսդրության բարեփոխման հիմնական կետը ընտրակարգի փոփոխությունն է։ Վերացվում է ռեյտինգային ընտրակարգը և մնում է պարզ համամասնական ընտրակարգը։
Սակայն այս փոփոխության մասին բոլոր քաղաքական ուժերը տեղյակ են եղել դեռևս հունիսի 7-ից, երբ Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը։ Ծրագրով, մասնավորապես, ամրագրված է, որ Ընտրական օրենսդրության փոփոխություններով անհրաժեշտ է «Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի»:
Այսինքն, քաղաքական ուժերն արդեն ունեցել են 4 ամիս՝ նոր ընտրակարգին ադապտացվելու և ընտրություններին մասնակցելու նոր ռազմավարություն մշակելու համար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջարկվող ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ապա քաղաքական ուժերը ունենալու են ևս 2 ամիս՝ դրանց նախապատրաստվելու համար՝ անկախ նրանից, թե այդ նորմերը երբ կիմպլեմենտացվեն Ընտրական օրենսգրքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am—ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։