Սեպտեմբերի 4-ին Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքում հրապարակել էր երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ պարզաբանում, որում ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված էր ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի հաշվարկման մեթոդաբանությունը։ Ինֆոգրաֆիկայի մեջ, սակայն, առկա էր սխալ։
Տարածված ինֆոգրաֆիկայում, մասնավորապես, նշվում էր, որ մեքենաների մաքսատուրքը հաշվարկվում է 20 տոկոս, բայց ոչ ավել, քան 0․36-ից 0․8 եվրո մեքենայի շարժիչի յուրաքանչյուր 1սմ3-ի համար՝ կախված մեքենայի շարժիչի ծավալից։ Սակայն պետք է լիներ ոչ թե «ոչ ավել, քան․․․», այլ «ոչ պակաս, քան․․․»։ Հայտարարությունը ինֆոգրաֆիկայով տարածվել է լրատվական կայքերում։
Այնուհետև Էկոնոմիկայի նախարարությունում, հավանաբար, նկատելով վրիպակը՝ փոխել են ինֆոգրաֆիկան և սեպտեմբերի 5-ին վերահրապարակել հայտարարությունը, մինչդեռ այն լրատվականներում, որտեղ ի սկզբանե տարածվել էր հաղորդագրությունը, պահպանվում է ինֆոգրաֆիկայի նախնական տարբերակը, ինչը, փաստացի, ընթերցողներին փոխանցում է սխալ տեղեկատվություն։
Նախարարության տարածած սխալ ինֆոգրաֆիկան այս պահին տեղադրված է tert.am Galatv.am yerkirmedia.am blognews.am 168.am b4b.am և այլ լրատվական կայքերում։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր դրույքաչափերը վերաբերում են միայն մաքսատուրքին, իսկ բնապահպանական վճարներն ու ԱԱՀ-ն մնում են նույնը։