Հունվարի 23-ին ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհից՝ հայտարարեց, որ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանը «ապահովված է եղել ամեն ինչով»։
«Իրենք (ինժեներասակրավորական վաշտը, — խմբ․) ապահովված են ամեն ինչով, բացի էտ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք որ խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը», — հայտարարեց Սիմոնյանը։
Իրականում, սակայն, պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սիմոնյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Նախ՝ հունվարի 19-ին Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունից հասկանում ենք, որ կացարանը ապահովված չէր ջրով։ «Ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու», — ասված էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Այսինքն, կացարանը ապահովված չէր ջրով։ Հայտնի է նաեւ, Ազատ գյուղը գազաֆիկացված չէ, հետևաբար՝ կացարանում չկար նաև բնական գազ։
Հաջորդ օրը՝ հունվարի 20-ին «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը, խոսելով կացարանի շենքային պայմանների ու ամրության մասին տեղեկացրեց, որ այն բավականաչափ ամուր չէր։
«Ես նշեմ, որ ինքը (կացարանը, — խմբ․) «բաղդադ» տիպի շինություն էր եղել, այսինքն փայտյա և հին հողային շերտերով․․․ ոչ քարե, հին շինություն ա եղել․․․», — հայտնեց Սարոյանը։
Հետևաբար՝ կացարանի տանիքը ևս բավականաչափ ամուր չէր, և Արսեն Սարոյանի խոսքից հետևում է, որ տանիքը փլուզվել է նաև այդ պատճառով։
FIP.am-ի նկարահանող թիմը դեպքից հետո այցելել էր Գեղարքունիքում ԶՈւ կարիքների համար պգտագործվող նմանատիպ այլ կացարաններ եւ արձանագրել, որ իսկապես՝ դրանք հեռու են ամեն ինչով ապահովված կացարաններ համարվելուց։
Այսինքն, Սիմոնյանի պնդումը, թե ինժեներասակրավորական վաշտն «ապահովված է եղել ամեն ինչով»՝ չի համապատասխանում իրականությանը։ Կացարանում չի եղել մշտական ջրամատակարարում, գազամատակարարում, շենքը բավականաչափ ամուր չի եղել, և ինչպես անձամբ Սիմոնյանն էր նշում՝ ապահովված չէր հրդեհային անվտանգության համար նախատեսված վթարային ելքերով, առանց ճաղավանդակների պատուհաններով և այլն։
Սևադա Ղազարյան