Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 9-ին Ֆեյսբուքում հայտնել է, որ 2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» (պատմագրի ձևը):
«Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք սյունակ՝ (1)□ իգական, (2) □ արական և (3) □ ՉՃՇՏՎԱԾ (Տես՝ կցված նկարը): Փաստորեն, հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական: Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել»,- ասել է Զոհրաբյանը:
Այդ որոշումը հիմք ընդունելով՝ Զոհրաբյանը եզրակացրել է, որ «այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես». «Ի սկզբանե սևեռվել է բնական երևույթներին հակադրվող ինչ-որ գործընթացների վրա (Ստամբուլյան կոնվենցիա, Լանսարոտեի կոնվենցիա, գենդերային ինքնություն, չճշտված սեռ)»:
Զոհրաբյանի գրառումը Ֆեյսբուքում հարյուրավոր արձագանքների է արժանացել, դրանով կիսվել են շուրջ 300 անգամ, գրառումը առանց լրացուցիչ մեկնաբանության տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ Oragir.news, Yerkir.am, Pastinfo.am, Hayeli.am, 7or.am կայքերը, ինչպես նաև մի շարք այլ՝ սունկ-կայքեր:
Առողջապահության նախարարության լրատվական բաժնից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին, որ իսկապես, 2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Երեխայի հիվանդության պատմագրի ձևը, որը նախատեսված է բացառապես բուժաշխատողների համար:
Անդրադառնալով պատմագրի ձևի կետ 21-ում նշված՝ երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպմանը` ԱՆ-ից տեղեկացրին, որ եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար:
Ըստ այդմ, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում սեռը որոշելու համար պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում):
«Նշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,- ասացին ԱՆ-ից:
Հատկանշական է, որ 2009 թվականին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում, որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է` «արական-, իգական-, չի որոշված-»:
Այսպիսով, Արա Զոհրաբյանի գրառումը մանիպուլյատիվ է. եզակի դեպքերում երեխայի սեռը ծննդի պահին որոշ հիվանդությունների պատճառով հնարավոր չի լինում որոշել: Այդ պատճառով միայն բժիշկների համար նախատեսված վկայականներում սեռը կարող է նշված լինել «չորոշված», իսկ հետազոտություններից հետո արդեն այդ երեխաների սեռը լրացվում է «արական» կամ «իգական» դաշտերում: Բացի այդ, 2023 թ. հունվարին ուժի մեջ մտած հրամանը աննախադեպ չէ և նախկինում ևս ծննդի վկայականներում նշվել է «չորոշված» տարբերակ սեռի համար:
Լուսինե Ոսկանյան