Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։
«Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության որակի առումով Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը», — գրում է լրատվամիջոցը։
Սակայն news.am-ն իր հրապարակած լուրում չի հայտնել, որ համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանը 22-րդ տեղը զբաղեցնում է 30 երկրների շարքում։ Ավելին, քանի որ նշված չէ, որ զեկույցը տարածաշրջանային բնույթ ունի, ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ցուցանիշը համաշխարհային է։ Մինչդեռ խոսքը 30 երկրների մասին է, որտեղ, փաստացի, Հայաստանի գրանցած ցուցանիշը լավագույնը չէ։
News.am-ի հրապարակումից մեկ օր անց այս լուրը որոշ փոփոխություններով հրապարակել է նաև armtimes.com-ը՝ կրկին չհայտնելով, որ զեկույցը վերաբերում է 30 երկրների։ Ավելին, լրատվականը նյութի վերնագրում ավելացրել է «միջազգային վարկանիշում» ձևակերպումը, ինչն էլ ավելի է խեղաթյուրել իրականությունը։
«Ազատության բարոմետր Ասիա»-ն գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Ասիայի գրասենյակի նախագիծն է։ Այն ուսումնասիրում է նշված տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական, քաղաքացիական, քաղաքական ազատության մակարդակը։
2017 թվականի զեկույցում Հայաստանը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարելավել է իր դիրքը մեկ հորիզոնականով․ նախորդ զեկույցում այն զբաղեցնում էր 23-րդ հորիզոնականը։ Համաձայն «Ազատության բարոմետր»-ի 2017 թվականի զեկույցի՝ ազատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նիդերլանդներում։ Վերջին՝ 30-րդ, հորիզոնականում Ռուսաստանն է։
Ի դեպ, համաձայն մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Freedom House-ի 2017 թվականի զեկույցի, Հայաստանում ազատությունը 100 միավորանոց սանդղակով գնահատվում է 45 միավոր (սանդղակում 0-ն բացասական ցուցանիշն է, իսկ 100-ը դրականը, այսինքն՝ 100 միավոր ստանում է ամենաազատ երկիրը, իսկ 1 անազատը), կազմակերպությունը երկիրը դիտարկում է որպես «մասամբ ազատ»։ Նույնանման ցուցանիշ ունեն նաև Պակիստանը, Մալազիան, Մալին և Հոնդուրասը։