ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է տվել այս տարվա փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում «Համեր» ամենագնացով հայտնի միջադեպի հետ կապված ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության գրասենյակի (ICITAP) զեկույցում տեղ գտած որոշ ձևակերպումների վերաբերյալ, որոնք, սակայն, հակասում են իրենց իսկ կողմից հետագայում մեզ տրված պատասխանին։
Հիշեցնենք, «Համեր» մեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, մեքենան վարել էր Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել էր վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետև երթևեկել էր Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել Պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի էր ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Այնուհետև, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի կամարանցումներից մեկի տակ, դիմել էր փախուստի։ Հետագայում, սակայն, ոստիկանությանը հաջողվել էր հայտնաբերել և ձերբակալել վարորդին, հարուցվել էր քրեական գործ։
Այսպես, ICITAP գրասենյակի դիտարկմանը, թե ՃԵԿ խախտումը նկատելուն պես ոստիկանության ծառայողները սկսել են ոտքով հետապնդումն ու պատշաճ կերպով զեկուցել են Օպերատիվ կառավարման կենտրոն, ՆԳՆ-ն պարզաբանում է, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարեկային ծառայողները Օպերատիվ կառավարման կենտրոնին ոչինչ չեն զեկուցել։
Մեկ այլ՝ օրերս մեզ հասցեագրված պատասխանում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կանոնների խախտման վերաբերյալ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների թվում նշել են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով ճգնաժամային իրավիճակի մասին զեկուցել են ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին։
Այսպիսով, Ոստիկանությունը ICITAP-ի զեկույցին ի պատասխան պարզաբանման մեջ կեղծիք է թույլ տվել՝ նշելով, թե «Համերի» վարորդի կողմից օրինախախտումն արձանագրելուց հետո պարեկային ծառայողների կողմից ՕԿԿ չի զեկուցվել, մինչդեռ մեզ ուղարկած պատասխանում նույնիսկ նշում է, թե որ ժամին են պարեկային ծառայողները իրավիճակի վերաբերյալ զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոնին։
Սևադա Ղազարյան