Մարտի 6-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ կոչ էր արել Ուկրաինային սատարող երկրներին պաշտպանել Ուկրաինայի երկինքը՝ ստեղծելով ոչ թռիչքային գոտի։
Այս ընթացքում Զելենսկին արդեն մի քանի անգամ խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ուժերով Ուկրաինայի տարածքի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին։
Սակայն ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու առաջարկը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայնամասշտաբ պատերազմի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարեց, որ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի։
Ի՞նչ է ոչ թռիչքային գոտին, ե՞րբ է առաջին անգամ կիրառվել
Տարածքը ոչ թռիչքային գոտի կարող է հայտարարվել մի շարք պատճառներով, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունների համատեքստում այն կարող է նշանակել գոտի, որտեղ ավիահարվածները կանխելու համար ռուսական ինքնաթիռներին չի թույլատրվի թռչել։
Ռազմական ոչ թռիչքային գոտիների խնդիրն այն է, որ դրանք պետք է վերահսկվեն ռազմական ուժերի կողմից։ Օրինակ՝ եթե ռուսական ինքնաթիռը թռչի ՆԱՏՕ-ի ոչ թռիչքային գոտիով, ապա ՆԱՏՕ-ի ուժերը կարող են որոշակի միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Այդ միջոցները կարող են ներառել հսկողություն, պաշտպանական համակարգերի դեմ կանխարգելիչ հարվածների իրականացում կամ արգելված տարածք մուտք գործած ինքնաթիռի ոչնչացում։
Ոչ թռիչքային գոտի սահմանելու դեպքերը պատմության մեջ մի քանիսն են։
Այսպես, 1991-ին ԱՄՆ-ն ու կոալիցիոն գործընկերն Իրաքում ոչ թռիչքային գոտի սահմանեցին, որպեսզի կանխեն հարձակումներն էթնիկական և կրոնական խմբերի վրա։ Այս դեպքում, սակայն, ոչ թռիչքային գոտին սահմանվել էր առանց ՄԱԿ-ի աջակցության։
Իսկ 1992-ի Բալկանյան հակամարտության ժամանակ ՄԱԿ-ը որոշում ընդունեց, որով արգելվում էին չարտոնված ռազմական թռիչքները Բոսնիայի օդային տարածքում։
2011-ին՝ Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ թռիչքային գոտի էր հաստատել Լիբիայում։
Բոսնիայի և Լիբիայի ոչ թռիչքային գոտիները վերահսկվում էին ՆԱՏՕ-ի կողմից։
Ի դեպ, Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախը հայտարարել թռչող սարքերի համար ոչ թռիչքային գոտի։
Շուշան Ստեփանյան
Նանե Մանասյան