Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ 2019-ին տուրիզմի ոլորտը բավականին մեծ ծավալի աճ է գրանցել:
«Մոտավորապես 15 տոկոսով այցելուների քանակը ավելացել է։ Եթե չեմ սխալվում, շատ կոպիտ գնահատականներով՝ 1,9 միլիոն տուրիստ է այցելել Հայաստանի Հանրապետություն»,- ասել էր Ավինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը կարելի է համարել ռեկորդային:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել փոխվարչապետի պնդումները, ուսումնասիրել նաև զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունն ու դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Հայաստանի զբոսաշրջային վիճակագրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեն զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրություն վարում է ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության: Համաձայն դրա՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է 24 ժամից ոչ քիչ և անընդմեջ 1 տարվանից ոչ ավելի ժամանակով:
Այսպես, վիճակագրական կոմիտեի 2020 թ. փետրվարի 5-ին հրապարակած տվյալների համաձայն՝ տասը տարվա ընթացքում՝ 2009-2019-ի թվականներին, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը աճել է շուրջ 1 միլիոն 300 հազարով: Եթե 2009-ին Հայաստան էր եկել մոտ 587 հազար զբոսաշրջիկ, ապա 2019-ին զբոսաշրջիկների թիվը հասել է 1,9 միլիոնի:
Ի դեպ, 2006 թվականից ի վեր Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի շարունակական աճ։ Բացառություն է եղել 2015 թվականը, երբ 2014-ի համեմատ Հայաստան էր ժամանել շուրջ 11 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ:
2016-ից սկսած՝ զբոսաշրջիկների հոսքը կրկին աճ է գրանցել. այդ տարի Հայաստան էր եկել 1 միլիոն 260 հազար զբոսաշրջիկ՝ շուրջ 67 հազարով ավելի շատ, քան 2015-ին։
Իսկ 2017-ին Հայաստան է այցելել շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ՝ 18,7 տոկոսով ավելի շատ, քան 2016-ին։ Սա 2006-ից ի վեր գրանցված ամենամեծ աճն է։
2018-ին արդեն զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 652 հազարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 11 տոկոսով:
Ինչ վերաբերում է 2019-ին, ապա Տիգրան Ավինյանի նշած տվյալները ճիշտ են, նախորդ տարի Հայաստան է եկել 1.9 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 2018-ի համեմատ ավել է 14,7 տոկոսով: Սակայն Հայաստան ժամանած 1.9 միլիոն զբոսաշրջիկների թիվը ռեկորդային համարելը չափազանցված է: Փաստացի, բացի 2015 թվականից, յուրաքանչյուր տարի ավելի շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան նախորդ տարիներին:
Որ երկրներից են գալիս Հայաստան
Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, ամենից հաճախ ընտրում են Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի քաղաքացիները: Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ 2019-ի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 610 695 մարդ, Ռուսաստանի քաղաքացիներն են։
Հենց նրանք են հիմնականում ապահովում Հայաստանի զբոսաշրջային մուտքերի մեծ մասը նաև այլ տարիներին: Հաջորդը Իրանի քաղաքացիներն են՝ 115 հազար մարդ, ապա Վրաստանի՝ շուրջ 95 հազար մարդ: Ամերիկայի Միացյալ Նահանգներից նախորդ տարի Հայաստան է եկել 52 հազար զբոսաշրջիկ:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Զբոսաշրջիկների գրեթե կեսին Հայաստանում գրավում է մշակութային տուրիզմը, 19 տոկոսը գալիս է տեսնելու Հայաստանի բնությունը, 16 տոկոսը գալիս է ժամանցի համար։ Գործարար, արկածային և առողջարանային զբոսաշրջություն նախընտրում են ընդհանուրի 13 տոկոսը, իսկ 3 տոկոսը Հայաստան է գալիս երկարատև զբոսաշրջության:
Հայաստան ժամանած օտարերկրացիների մասին առավել մանրամասն՝ քարտեզում.
Հայաստանը՝ գրավիչ զբոսաշրջային ուղղություն
Հատկապես 2019-ին Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, հայտնվեց միջազգային ինդեքսներում և հեղինակավոր լրատվամիջոցների էջերում:
2019-ին Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում 10 հորիզոնականով առաջընթաց գրանցեց 2018-ի համեմատ: Այս ինդեքսը չափում է տուրիզմի կայուն զարգացման հնարավորություններն ու քաղաքականությունը, ինչն էլ նպաստում է երկրի մրցունակության բարձրացմանը: 2019-ին 140 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը, 2018-ին՝ 89-րդ:
Նույն ինդեքսի համաձայն՝ մշակույթի և բնական ռեսուրսների ցանկում Հայաստանը 103-րդ հորիզոնականում է, մինչդեռ գների մրցունակության ինդեքսում՝ 30-րդ հորիզոնականում: Հայաստանի գների մրցունակության նույն սանդղակում են Օմանը, Վրաստանը, Ուգանդան, Լեհաստանը և այլն: Համեմատության համար նշենք, որ ցանկում առաջատարը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ «ամենաթանկը»՝ Միացյալ Թագավորությունը: Ի դեպ, նույն ինդեքսի 2018-ի զեկույցում Հայաստանը գնային մրցունակությամբ 42-րդ հորիզոնականում էր: Սա նշանակում է, որ մյուս երկրների համեմատ Հայաստանը ավելի մատչելի է դարձել զբոսաշրջիկների համար, կամ, ի տարբերություն այլ երկրների, գնաճի տեմպերը Հայաստանում ավելի ցածր են եղել:
Ապահովության և անվտանգության ցուցանիշներով Հայաստանը 140 երկրների շարքում 40-րդ հորիզոնականում է: Նույն շարքում Ադրբեջանը 38-րդն է, իսկ ամենաապահով երկիրը Ֆինլանդիան է:
Զբոսաշրջության ազդեցությունը տնտեսության վրա
Զբոսաշրջությունը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է: 2018-ին այս ոլորտը 8,8 տրիլիոն դոլար է ներդրել համաշխարհային տնտեսության մեջ: Այն ապահովել է ՀՆԱ-ի 10,4 տոկոսը: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ում 2018-ին զբոսաշրջության ներդրումները եղել են 14,1 տոկոս՝ կազմելով շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար։
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է, և պատահական չէ, որ ոլորտի զարգացումը մշտապես կարևորվում է կառավարության կողմից։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության՝ ոլորտում աշխատում է Հայաստանի աշխատաշուկայի 12,5 տոկոսը: 2018-ի տվյալներով ոլորտում մշտական աշխատանք ունի շուրջ 37 հազար մարդ և ևս 137 հազար մարդ՝ ընդհանուր զբաղվածություն:
2018-ի դրությամբ Հայաստանն ունի ավելի քան 600 հյուրանոցային տնտեսություն, 2017-ին հյուրանոցների թիվը 556 էր:
2020 թվականին պետական բյուջեից զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում հատկացվելու է 200 միլիոն դրամ, նախորդ տարի հատկացվել էր 286,4 միլիոն դրամ: Այս տարի երկիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ շուրջ 4,8 միլիարդ դրամ վարկային միջոցներ և 1,2 միլիարդ դրամ համաֆինանսավորում է պատրաստվում ուղղել մարզային տնտեսությունների զարգացման և առավել մեծ թվով զբոսաշրջիկներ գրավելու համար:
Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստան նախորդ տարի այցելել է շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը մոտ 6 տոկոսով ավել է 2018-ի ցուցանիշից (շուրջ 4,7 միլիոն մարդ): Իսկ 2017-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 4 միլիոն էր:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճ է արձանագրում։ 2019-ին գրանցված ցուցանիշը համարել ռեկորդային՝ սխալ է, քանի որ զբոսաշրջիկների թիվը կտրուկ չի ավելացել, և համեմատելով նախորդ տարիներին արձանագրված զբոսաշրջության ցուցանիշների հետ՝ աճը օրինաչափ է։
Անի Ավետիսյան