Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողներին տված մամուլի ասուլիսում, ներկայացնելով «100 փաստ Նոր Հայաստանի մասին 2»-ը, անդրադարձել էր զբոսաշրջության ոլորտին և հայտարարել զբոսաշրջիկների թվի աճի մասին։
Ըստ վարչապետի՝ 2019 թ. առաջին 6 ամսվա ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը «տպավորիչ աճ է արձանագրել»: Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդերլանդներից՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից՝ 30 տոկոսով, Արաբական Միացյալ էմիրություններից՝ 29.7 տոկոսով, Հունաստանից՝ 29 տոկոսով, Իտալիայից՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից՝ 19 տոկոսով, Շվեդիայից՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից՝ 13 տոկոսով:
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել վարչապետի կողմից նշված երկրներից 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակներում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվերը։
Ազգային անվտանգության ծառայությունը հարցմանը պատասխանելիս հիմնվել է սահմանային անցակետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված՝ ՀՀ ժամանողների թվաքանակի վրա։
ԱԱԾ-ից ստացված պատասխանում նշված թվերը ներկայացված են աղյուսակում։
Ինչպես տեսնում ենք, զբոսաշրջիկների աճի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալներն ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Միացյալ Էմիրությունների, Շվեյցարիայի մասով ճիշտ են։
Սակայն Հունաստանից ժամանածների վերաբերյալ վարչապետի տվյալը նույնիսկ մոտ չէ իրականին։ Այստեղից նկատվել է զբոսաշրջիկների թվի նվազում (-4,9 %)՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Նիդերլանդներից, Չինաստանից, Ռուսաստանից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների աճի վերաբերյալ վարչապետի ներկայացրած թվերում որոշակի անհամապատասխանություն կա ԱԱԾ-ի տվյալների հետ։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ընդհանուր զբոսաշրջիկների թվի մեջ չնչին տոկոս են կազմում, բացառությամբ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի։ Այս ցանկի մյուս երկրներից ժամանած զբոսաշրջիկները միասին կազմում են Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդամենը 4,35 տոկոսը։
Մեկ այլ հետաքրքրաշարժ վիճակագրություն ևս։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած՝ այս տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների թվի ամենամեծ աճն արձանագրվել է Հնդկաստանից։ Այս տարվա առաջին կեսում Հնդկաստանից Հայաստան է ժամանել 17 550 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 907 զբոսաշրջիկի համեմատ։ Այլ կերպ ասած՝ այս երկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 60,9 տոկոսով, սակայն վարչապետն այս տվյալը չի հրապարակել։
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի ասուլիսի ընթացքում հնչեցված փաստերի մասին արդեն իսկ ունեցել է մի քանի հրապարակում, և ցույց տվել, թե նշված փաստերից որոնք են ճիշտ, որոնք կեղծ կամ մանիպուլյատիվ և որոնք են դեռևս ստուգման փուլում։