Նոյեմբերի 11-ին Hraparak.am կայքում հրապարակվել է վերջերս ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ զրույցը: Դրանում նա անդրադարձել է Առաջին ալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցի ընթացքում արած մի շարք պնդումներին։
Պետրոս Ղազարյանը, մասնավորապես, պնդել էր, թե Զատուլինը մեղադրել է ՀՀ իշխանություններին Ադրբեջանին միջանցք տրամադրելու համաձայնություն տալու մեջ։
«Զատուլինը, պարոն Մինասյան, հայտարարում ա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք ստորագրել ենք միջանցք, և նա ասում ա՝ գնացեք էդ ստորագրողին հարցրեք, թե ինչի ա նա ստորագրել։ Սա Ալիևի նարատիվն ա։ […] Երբ որ Զատուլինը կրկնում ա Ալիևի միտքը և ակնհայտորեն ստում ա և դա ուղղված ա մեր պետականության դեմ, ձեզնից մեկը ընդեղ չի ասում՝ հարգելի Զատուլին, գուցե դրա՞ համար են Ձեզ զրկել (ՀՀ մուտք գործելու իրավունքից,-խմբ․)»,- հարցրել էր Արծվիկ Մինասյանին Ղազարյանը։
Hraparak.am-ի հետ զրույցում, սակայն, Զատուլինը հերքում է Պետրոս Ղազարյանի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները։
«Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում, որ միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել»,- ասել է Զատուլինը՝ նկատի ունենալով հոկտեմբերի 15-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ասած խոսքերը։
Դրա ընթացքում, սակայն, Զատուլինը պնդել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստորագրել է Ադրբեջանին միջանցք տալու պայմանը։
«Ես լավ չեմ հասկանում ահա թե ինչը, հարցերը հնարավոր միջանցքի մասին պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից այն ստորագրել է Փաշինյանը։ Երբ այդ պայմանավորվածությունը ստորագրում էր, նա ի՞նչ էր մտածում։ Եվ ինչո՞ւ են հայերը այդ հարցը վերահասցեագրում ՌԴ-ին, դա ձեր վարչապետն է ստորագրել այդ պայմանը»,- ասել է Զատուլինը։
Փաստացի, Զատուլինի այն պնդումը, թե ինքը չի ասել, որ հայկական կողմը ստորագրել է միջանցք տալու պայմանը, ինչպես նաև որևէ համաձայնագրի հղում չի արել, չի համապատասխանում իրականությանը։ Զատուլինը հղում է արել նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ պնդելով, թե Փաշինյանը միջանցք տալու պայման է ստորագրել։
Այս պնդումն իր հերթին չի համապատասխանում իրականությանը, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ կետ, որում նշվում է, թե ՀՀ-ն պարտավորվում է իր ինքնիշխան տարածքից միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է միայն, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, իսկ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։
Նանե Մանասյան