Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել:
«Հենց հիմա Կոմիտասի Երևան սիթիում ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում: Սուպերմարկետի տարածքը խիստ վերահսկվում է՝ դրսից ու ներսից: Վաղը ձեր տներն են նույն մարդկանց ուղեկցությամբ մտնելու»,- գրել էր նա՝ կից ներկայացնելով լուսանկար։
Գրառումը մեծ տարածում է ստացել սոցցանցերում և վերատպվել pastinfo.am, antifake.am, mamul.am, kentron.am, artsakh.news, norlur.am, infosarm.ru և այլ կայքերի կողմից։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքանով է տարածված տեղեկությունը ճիշտ։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակից նշեցին, որ ո՛չ Կոմիտասի 60/2 մասնաճյուղում և ո՛չ էլ ցանցի այլ սուպերմարկետներում ադրբեջանցիներ չեն եղել։ «Եթե նման բան լիներ, մենք կիմանայինք, միանշանակ նման բան չի եղել»,- ասացին գրասենյակից։
Կոմիտասի 60/2 հասցեում տեղակայված «Երևան Սիթիի» աշխատակիցը նշեց, որ ամբողջ օրը սուպերմարկետում է եղել և ինքն էլ սոցցանցերից է իմացել, որ իրենց մոտ ադրբեջանցիներ են եղել, որոնք գնումներ են կատարել հատուկ ուժայինների ուղեկցությամբ։ «Կարծում եք որևէ մեկս չէինք նկատի՞ նման բան»,- ասաց նա։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունից ևս տեղեկությունը հերքեցին։ FIP.am-ի հետ զրույցում վարչության ներկայացուցիչը նշեց, որ պաշտոնապես հերքում է լուրը. «Իհարկե չի եղել, բացառվում է նման բան լինի»։
Տեղեկությունը հերքել է նաև ՊՆ-ն. «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցներն ուղեկցել են նրանց»,- նշել են ՊՆ-ից։
Նելլի Լազարյան