Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում հայտարարել էր, որ Երևանում օդը ներկայում ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ։
Նախագահը, մասնավորապես, նշել էր. «Այսօր ես իմ տնից Երևանի հեռավոր ծայրամասերը տեսնում եմ: Նախկինում չէի տեսնում: Տրանսպորտն էնքան մեծ էր, արտադրական որոշ միավորներն էնպիսի աղտոտում էին բերում Երևանին …Այս քաղաքը 2-3 անգամ ավելի մաքուր օդ ունի, քան մինչև կորոնավիրուսը»:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանում հայտարարված կարանտինը նպաստել է Երևանի օդի մաքրմանը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն: Ապրիլի մեկից ամբողջ հանրապետությունում սահմանափակվել է ազատ տեղաշարժի իրավունքը, դադարել է գործել հանրային տրանսպորտը: Որոշ արտադրամասների և գործարանների աշխատանքը ևս արգելվել է:
Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երևանի օդում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և տնտեսական գործունեության սահմանափակմամբ կամ արգելմամբ:
2020 թ. փետրվարի համեմատ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:
Ավելին՝ մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:
Օդի աղտոտվածության նվազման մասին են փաստում նաև կլիմայագիտական հետազոտություններով զբաղվող Berkeley Earth կայքի ուսումնասիրությունները: Կայքը վերջին օրերին օդի որակը Երևանում գնահատել էր որպես լավ:
Կայքի մոնիթորինգը ցույց է տալիս, որ մարտի 16-ից հետո օդի աղտոտվածությունը Երևանում սրընթաց անկում է գրանցել:
Հետաքրքիր է, որ օդում փոշու քանակը նվազել է ոչ միայն Երևանում: Ապրիլի առաջին իննօրյակում նախորդ ամսվա համեմատությամբ օդն ավելի մաքուր է դարձել նաև Վանաձոր, Ծաղկաձոր, Հրազդան և Արարատ քաղաքներում:
Լուսինե Ոսկանյան