Այսօր հայտնի դարձավ, որ ռուս երգչուհի Իրինա Ալլեգրովայի մարտի 5-ին Երևանում նախատեսված համերգը չի կայանալու: Դրա մասին տեղեկացրեց համերգի կազմակերպիչ հանդիսացող «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը։
«Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա», — ասված է հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս ընկերությունը չեղարկում է իր իսկ կազմակերպած համերգը։
Այսպես, դեռ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում պետք է կայանար ռուսական Լենինգրադ ռոք խմբի համերգը, որը չկայացավ «տոմսերի վաճառքի անբավարար քանակի պատճառով»։
Այդ ժամանակ «Ֆորպոստարտ պրոդաքշնը» հաղորդագրություն տարածեց, որ գնված տոմսերի գումարները վերադարձվելու են։ Սա այն պարագայում, երբ ընկերությունը դեռ ամբողջությամբ չէր վերադարձրել ևս մեկ՝ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները:
Մասնավորապես, 2016 թվականին Երևանում պետք է կայանար աշխարհահռչակ երգիչ Էրոս Ռամազոտիի մասնակցությամբ համերգ, որը սակայն չկայացավ՝ այս անգամ կազմակերպիչի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով։ Արդյունքում իրենց գումարների վերադարձման պահանջով ավելի քան 60 քաղաքացի դիմեցին դատարան։
Ըստ ընկերության պաշտոնական կայքի 1997 թվականից նրանք հանդիսանում են հայկական շոու բիզնեսի կայացման հոմանիշ։ Սակայն, կարող ենք փաստել, որ Հայաստանում վերջին ժամանակների ամենաաղմկահարույց չկայացած համերգները կարելի է կապել հենց այս ընկերության անվան հետ։
Հիշեցնենք, որ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և նրա կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Հայաստանում ընկերությունը ներկայացնում է Զառա Մխեյանը։