Երևանցիները հաճախ են բողոքում Երևանում կանաչ տարածքների սղությունից, և այս խնդիրն ընդունում է նաև քաղաքապետարանը, բայց ինչպես հաճախ է պատահում մշակված ծրագրերը մնում են թղթի վրա և Երևանում յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքի քանակը դեռևս զիջում է միջազգային նորմերին:
Ծրագիր և իրականություն
Երևանի քաղաքապետարանում 2017 թվականի մայիսի 2-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով մայրաքաղաքում կատարվող կանաչապատման աշխատանքներին, նշեց․ «Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչը ցանկանում ենք բոլորս»։ Սակայն թվերն այլ բան են ասում քաղաքապետի նշած կանաչ տարածքների ընդլայնման մասին։
Այսպես, ըստ Երևանի զարգացման 2014-2017 թթ․ քառամյա ծրագրի՝ նախատեսվում էր մեկ շնչին բաժին ընկնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի մակերեսը 7․8 քմ-ից հասցնել 12-14 քմ-ի։ Ի պատասխան մեր 2017 թվականի նոյեմբեր ամսին ուղարկված գրավոր հարցման՝ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևան քաղաքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի մակերեսը կազմում է 7․8 քմ, այսինքն նույնը, ինչ 2014-ին։
Անհամապատասխանություններ
Հարկ ենք համարում նշել, որ քաղաքապետարանից մեզ հայտնած գրավոր տվյալների և վերջինիս պաշտոնական կայքում տեղ գտած տվյալների միջև առկա են որոշակի անհամապատասխանություններ։ Այսպիսով, եթե օգտվենք պաշտոնական կայքից, ապա կստացվի, որ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի մակերեսը 2014 թվականի համեմատ աճել է մոտ 10 հա, մինչդեռ ըստ մեզ տրամադրած տեղեկության՝ աճը կազմել է 20 հա, ինչը միևնույն է բավարար չէ։
Նկատենք, որ 2014-2017 թթ․ քառամյա զարգացման ծրագրով նախատեսվում էր ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի մակերեսը հասցնել 880 հեկտարի։ Թեև այս դեպքում, ինչպես նշեցինք նկատում ենք որոշակի շարժ, սակայն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ներկայիս մակերեսը զիջում է սպասված ցուցանիշին՝ կազմելով 862 հա։
Կանաչ տարածքների պահպանման ու ավելացման աշխատանքների պատշաճ կատարումն էլ ավելի կարևոր նշանակություն է ստանում պարբերաբար ստացվող ապօրինի ծառահատումների և հրդեհների ահազանգերի ֆոնին։ Ծանրաբեռնված երթևեկությունը, քաղաքում շարունակվող շինարարական աշխատանքներն ավելի են վատացնում Երևանի և նրա շրջակա տարածքի օդային ավազանի վիճակը՝ վտանգելով քաղաքի բնակիչների առողջությունը։