2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ:
Նույն տարվա նոյեմբերի 23-ին արդեն քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել էր հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթի մասին։
Արդեն այս տարվա հունիսին քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային վճարման համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչև այս տարեվերջ:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ո՞րն է էլեկտրոնային վճարման համակարգի ներդրման գործընթացի հետաձգման պատճառը, արդյո՞ք հայտարարված մրցույթը կայացել է, և արդյունքում հաղթող եղե՞լ է, թե ոչ։
Քաղաքապետարանում ժամկետների հարցում զգուշավոր են
Ի պատասխան FIP.am-ի հարցման՝ քաղաքապետարանից պարզաբանում են, որ էլեկտրոնային վճարման համակարգի ներդրման գործընթացը նախորդ տարի ուսումնասիրել են, մրցույթ հայտարարել և հաղթող ընկերություն ճանաչել, իսկ առաջիկայում արդեն կհայտարարեն գործընթացի արդյունքների մասին։ Ուշագրավ է, որ այս անգամ արդեն գործընթացի ավարտի հարցում ժամկետներ չեն նշվում։
«Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նպատակով 2021 թվականի ընթացքում իրականացրել էր այս ոլորտում առկա տեխնոլոգիական նորարար լուծումների, դրանց կիրառման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, պիլոտային փորձարկումներ և դրանց հիման վրա մշակել համակարգի տեխնիկական պահանջները»,- նշում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նախորդ տարի հայտարարված՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթում հաղթող ընկերություն է ճանաչվել «Թելսել» ՓԲԸ-ն:
Հատկանշական է, որ թեև դեռ նախորդ տարվանից՝ նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման վերջին օրերից, հաղթող ընկերությունը հայտնի է, սակայն դեռևս պայմանագիր չի կնքվել։
«Հաշվի առնելով, որ մրցույթը իր էությամբ համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափում գործընկեր-ներդրողի ընտրություն էր, ինչի արդյունքում ընտրված գործընկերը ամբողջությամբ իր միջոցներով էր իրականացնելու համակարգի ներդրումը և հետագա սպասարկումը, ուստի, մրցույթի պայմաններից ելնելով, այդ ընտրությունից հետո էր նախատեսվում՝ կախված ներդրման ծավալից և այլ պայմաններից, պայմանագրի դրույթների ճշգրտումը և դրա կնքումը: Առաջիկայում այս գործընթացը կավարտվի և կհայտարարվի արդյունքների մասին»,- նշում են քաղաքապետարանից։
400 շարժակազմ արդեն համալրված է 100 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքերով
2021-ի տարեվերջին քաղաքապետարանը նաև հայտարարել էր, թե 2022 թ․ տարեսկզբին 100 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքեր պետք է ներդրվեն նաև քաղաքապետարանի ենթակայության հին շարժակազմում։ Թե ի՞նչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ՝ քաղաքապետարանից պարզաբանում են, որ այս պահին շուրջ 400 շարժակազմ արդեն համալրված է համապատասխան սարքավորումներով, իսկ 100-ը ընթացքի մեջ է:
Ի պատասխան հարցի, թե հաշվարկվո՞ւմ է, թե որքան գումար է կորցնում համայնքը էլեկտրոնային վճարման միասնական համակարգի ներդրման գործընթացի ձգձգման հետևանքով, քաղաքապետարանից պատասխանում են. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը բավական ծավալուն գործընթաց է և այն ընթանում է բնականոն հունով, ուստի ձգձգումների հետևանքով առկա կորուստներ չեն արձանագրվել»։
Նելլի Լազարյան