Անցյալ տարվա մարտի 20-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ առանձին ուշադրություն կդարձվի ճանապարհների վրա անհարթություններ առաջացնող դիտահորերին, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում վարորդների համար։ Բացի դա, Կարապետյանը նշել էր, որ 2020-ի Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 100 միլիոն դրամ տրամադրել դիտահորերի, դրանց կափարիչների և անձրևորսիչների վերանորոգման համար։
Ըստ Կարապետյանի, դիտահորերի խնամքի համար պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները։ «…Բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը»,- նշել էր Կարապետյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հետաքրքրվել ծրագրի արդյունքներով և հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետարան՝ ճշտելու կատարված աշխատանքների ծավալը և ծրագրի ընթացքը։
Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ ծրագրի կատարման համար երկու անգամ հայտարարվել է մրցույթ, սակայն այն չի կայացել, քանի որ հայտարարված մրցույթներին մասնակիցներ չեն եղել, իսկ շինարարական կազմակերպություններից ստացված բացատրությունից պարզ է դարձել, որ Հայաստանում նման աշխատանքներ իրականացնելու համար հատուկ տեխնիկա չկա։ Երրորդ անգամ մրցույթ չի հայտարարվել՝ նախատեսվող աշխատաժամանակի սղության պատճառով:
Մեզ հայտնեցին, որ, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ իրականացվել են։ Ըստ քաղաքապետարանի, 2020-ին, առանց հատուկ տեխնիկայի, ասֆալտապատման ընդհանուր աշխատանքների շրջանակում կատարվել է 198 դիտահորերի և 62 անձրևորսիչների ուղղման և նորերի տեղադրման աշխատանք: Դրա համար ծախսվել է ընդհանուր առմամբ 15․7 մլն դրամ:
Թե ի՞նչ հատուկ տեխնիկայի մասին է խոսքը, որը չկա Հայաստանում, որոշեցինք պարզել դիտահորերի արտադրմամբ և տեղադրմամբ զբաղվող ընկերություններից։
Այսպես, NLC LLC ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենք պետական մրցույթների չեն մասնակցում, քանի որ զբաղվում են միայն դիտահորերի արտադրմամբ, իսկ հարցին, թե արդյո՞ք դիտահորերի նորոգման կամ դրանց մակարդակը ասֆալտին հավասարեցնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը Հայաստանում չկա, պատասխանեցին, որ եթե մակարդակի տարբերությունը չնչին է, ապա դրանց կարիքը չկա, իսկ որոշ դեպքերում հարկ է լինում քանդել վերին շերտը, բարձրացնել դիտահորը և այլն, սակայն, այնուհանդերձ, այդպիսի աշխատանքներ կատարելու համար պետք է Հայաստանում լայնորեն օգտագործվող շինարարական տեխնիկա՝ մանիպուլատոր, էքսկավատոր, պերֆոռատոր և այլն։
Իսկ դիտահորերի տեղադրման և վերանորոգման աշխատանքներով զբաղվող ArtShin ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենք հաճախ են մասնակցում քաղաքապետարանի շինարարական մրցույթներին, բայց չեն հիշում դիտահորերի նորոգման մրցույթի մասին, ուստի չեն կարող նշել չմասնակցելու պատճառը։ Նրանք, սակայն, վերահաստատեցին այն պնդումը, որ դիտահորերի վերին նիշերը ճանապարհի մակերևույթին հավասարեցնելու համար հարկավոր չէ այնպիսի հատուկ տեխնիկա, որը Հայաստանում չլինի։
AquaProf Service-ից հայտնեցին, որ դեռ պետական մրցույթներին չեն մասնակցում, իսկ հարցին, թե արդյո՞ք դիտահորերի անհարթությունները ուղղելու համար հարկավոր է որևէ հատուկ տեխնիկա, պատասխանեցին, որ երբևիցե չեն լսել նման «հատուկ տեխնիկայի» մասին, որը Հայաստանում բացակայի։
Ի վերջո, հասկանալու համար, թե ինչ պատճառներով մրցույթները չեն կայացել, և թե ինչ է նշանակում այդ «հատուկ տեխնիկան», և որ ընկերություններն են այդպիսի պատճառ ներկայացրել մրցույթին չմասնակցելու համար, մեկ հարցում ևս ուղարկեցինք քաղաքապետարան՝ ստանալով, սակայն, առավելապես «լղոզված» պատասխաններ։
Հարցին, թե ի՞նչ «հատուկ տեխնիկայի» մասին է գնում խոսքը, քաղաքապետարանից պատասխանեցին. «Հատուկ տեխնիկան տվյալ աշխատանքների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մասնագիտացված սարքավորում է, որը հնարավորություն է տալիս գործընթացն իրականացնել ճշգրտությամբ ու բարձր որակով՝ սահմանված չափորոշիչների պահպանմամբ և կարճ ժամկետում»։ Իսկ խնդրանքին՝ ներկայացնել կազմակերպությունների անվանումները, ասացին. «Բացատրություններ գրավոր չեն ներկայացվել, քանի որ մրցույթին չմասնակցելը գրավոր բացատրություն չի նախատեսում»։
Մեզ տեղեկացրեցին նաև, որ դիտահորերի վերանորոգման մրցույթ հայտարարվել է նաև 2021 թվականի համար։ Սակայն Երևանի քաղաքապետարանի գնումների համակարգող Գագիկ Հուրոյանը տեղեկացրեց, որ այդպիսի մրցույթ դեռ չի հայտարարվել, բայց պլանավորվում է հետագայում՝ «հնարավոր է մեկ-երկու շաբաթից»։
Հայկ Հովհաննիսյան