Այսօր մայրաքաղաք Երևանում մեծ շուքով նշվում է քաղաքի տոնը՝ Երևանի 2800-ամյակը: Սակայն քչերը գիտեն, որ իրականում Երևանը այս տարի դարձավ ոչ թե 2800, այլ 2799 տարեկան: Համոզվելու համար, եկեք հաշվենք միասին: Այսպես, մ.թ.ա. 1 թվականին հաջորդում է մ.թ. 1 թվականը: Մ.թ.ա. 1 թվականին ծնված երեխան մ.թ. 1 թվականին կդառնա 1 տարեկան: Նույն կերպ՝ մ.թ.ա. 2 թվականին ծնված երեխան մ.թ. 3 թվականին կդառնա 4 տարեկան, իսկ մ.թ.ա. X թվականին ծնված երեխան մ.թ. Y թվականին կդառնա X+Y-1 տարեկան: Եվ ուրեմն, մ.թ.ա. 782թ հիմնադրված քաղաքը 2018թ դառնում է 782+2018-1=2799 տարեկան: Սակայն պետք է նշել, որ այս սխալ հաշվարկը գալիս է դեռևս հեռավոր 1968 թվականից, երբ Երևանում առաջին անգամ նշվեց քաղաքի 2750-ամյակը: Հուսանք, որ այս սխալը մյուս տարի կուղղվի, և մենք 2019թ ավելի մեծ շուքով կտոնենք մեր սիրելի Երևանի 2800-ամյակը:
Շնորհավոր տոնդ, երիտասա՛րդ Երևան։