Փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարին անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը նախընտրական սուտ խոստումներ չի տալու:
Արդ, վերհիշենք Սերժ Սարգսյանի ԵԿՄ նախորդ 10-րդ համագումարի ժամանակ տրված խոստումները:
Նաիրիտ
2014 թվականի ԵԿՄ համագումարին անդրադառնալով տնտեսական վիճակին Սերժ Սարգսյանը՝ հայտարարեց, որ Հայաստանը մտել է որոշակիության դաշտ և իրենք ունեն հստակ ծրագրեր: Ներկայացրած ծրագրերից մեկը նոր «Նաիրիտի» գործարանի կառուցումն էր և հնի վերագործարկումը:
«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն Նաիրիտի աշխատողներին, ապա մենք անկախ որևէ հանգամանքից այս տարի ամենայն հավանականությամբ սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում, գոնե նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ: Նախնական պայմանագրերը կան և հնարավորության դեպքում հին Նաիրիտի գործարկում», — հայտարարեց Սարգսյանը:
Անցել է ավելի քան 3 տարի, սակայն որևէ նոր «Նաիրիտ» Հայաստանում չի կառուցվել: Ավելին, վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակումից օրեր չանցած շտապեց հայտարարել, որ հին «Նաիրիտի» վերագործարկման որևէ ծրագիր չկա, իսկ պետությունը չի պատրաստվում զբաղվել այդ բիզնեսով:
Ավելին, այս օրերին Նաիրիտը պաշտոնապես սկսեց լուծարման գործընթացը:
Նոր գործարաններ
Երկրորդ չիրականացված խոստումը մեծ պղնձաձուլարանի կառուցումն էր: «2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր, ինչը հնարավորության է տալու ՀՀ-ում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում, իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու մեծ պղնձաձուլարան, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով», — հայտարարեց Սարգսյանը:
Նշենք, որ 80 հազար տոննա պղինձ ստանալու համար անհրաժեշտ է մշակել մոտ 300 հազար տոննա պղնձի խտանյութ (խտանյութի 28%-ը պղինձ է): 2014 թվականին Հայաստանում արտադրվել է 192 հազար տոննա պղնձի խտանյութ, իսկ 2015-ին արդեն մոտ 316 հազար տոննա, որը գերազանցում է Սարգսյանի նշած կրիտիկական քանակը:
Ընդերքի սպառման ծավալները աճել են նաև 2016 թվականին, սակայն ո´չ պղնձաձուլարան, ո´չ էլ ծծմբաթթվի վերամշակման գործարան Հայաստանում այդպես էլ չի կառուցվել:
Եվ անգամ ավելին
Հավելենք, որ եթե 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016 թվականին ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի այն կազմեց 10,7 միլիարդ:
Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները: Եթե 2014 թվականին դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ դոլար, ապա այժմ համաձայն Կենտրոնական բանկի այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:
Այլ կերպ ասած, ստացվում է, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում պնդեց, որ անիրագործելի խոստումներ չի տալու, զավեշտալի զուգադիպությամբ չեն իրագործվել Սարգսյանի նույն ԵԿՄ նախորդ համագումարում տրված խոստումները: