Մայիսի 31-ին ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով լրագրողի պնդմանը, թե ցույցերի ընթացքում ուժ է կիրառվել նաև անչափահաների նկատմամբ, հարցադրում է արել, թե «ի՞նչ գործ ունի անչափահասը էդտեղ»:
Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ մայիսի 1-ին սկսված բողոքի ակցիաների ընթացքում մի քանի անգամ անչափահասներ են բերման ենթարկվել:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երեխաների իրավունքների մասին Հայաստանի օրենքները և միջազգային կոնվենցիաները՝ հասկանալու, թե արդյոք անփահասները իրավունք ունեն մասնակցելու բողոքի ակցիաների, թե ոչ:
Ըստ «Երեխաների իրավունքներ մասին» օրենքի՝ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով (10-րդ հոդված):
«Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք»,- նշված է օրենքի 21-րդ հոդվածում:
«Հավաքների ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:
Հայաստանը վավերացրել է նաև ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որի 15-րդ հոդվածը արձանագրում է՝ մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ևս հայտարարել է, որ երեխաները նույնպես ունեն հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունք:
Այսպիսով, երեխաները Հայաստանում ունեն հավաքների մասնակցելու իրավունք, այսինքն՝ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանի հարցադրումը, թե ի՞նչ գործ ունեն անչափահասները բողոքի ակցիաների վայրում, մանիպուլյատիվ է:
Լուսանկարը՝ Sputnik Արմենիա
Լուսինե Ոսկանյան
Մհեր Թարոյան