Դեռևս 2019 թ․ հունիսին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել էր, որ երբեմնի հայտնի՝ «Վերոնիկայի» մանկապարտեզը կվերադարձվի համայնքին։
Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի մասին էր, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Տիգրան Վիրաբյանը հայտարարել էր, որ տարածքը իրավաբանորեն համայնքին վերադարձնելուց հետո պետք է կատարվեն տարածքում նախագծանախահաշվային աշխատանքներ, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ այդ տարածքը լիարժեք մանկապարտեզի վերածելու համար։ «Նախագծանախահաշվային աշխատանքներից հետո նոր կպլանավորենք, թե արդյոք այս տարվա բյուջեով հնարավոր կլինի սկսել աշխատանքները»,- նշել էր նա։
2019-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս հայտարարել էր, որ կրթահամալիրը համայնքին է վերադարձվել, այն վերանորոգվելու է և շահագործվելու: «Էս պահին ինչ հնարավոր էր, մենք հետ ենք բերել, նաև մեկ մանկապարտեզ հետ ենք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որը պետք է երևի թե վերանորոգվի ու սկսի գործել»,- ասել էր Մարությանը։
Նույն ժամանակահատվածում «Արմենպրեսին» տված հարցազրույցում քաղաքապետ Մարությանը տեղեկացնում է, որ նախկինում մանկապարտեզներից օտարված 6500 քմ տարածքը, «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի շենքը վերադարձրել են, ինչի շնորհիվ շուրջ 1000-ից ավելի երեխա հնարավորություն ունի հաճախելու մանկապարտեզ: Լավ լուրն իրենց ֆեյսբուքյան էջերում շտապեցին տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սաթենիկ Մկրտչյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլք: Լևոն Զաքարյանը գրում էր, որ մանկապարտեզը շուտով կվերանորոգվի և կվերաբացվի։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը վերագործարկելու համար ի՞նչ աշխատանքներ են տարվել, որքան գումար է հարկավոր մանկապարտեզի վերագործարկման համար և արդյոք կա կրթահամալիրի վերագործարկման հստակ ժամանակացույց։
Ի պատասխան մեր հարցման, Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանում որոշում է կայացվել տարածքն ու գույքը նախադպրոցական կրթության նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, և ներկայումս մեկնարկել է նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվության մրցույթի հայտարարման փուլը:
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ տարածքը և շինությունը համայնքին վերադարձնելուց չորս տարի անց Երևանի քաղաքապետարանը դեռ ոչ միայն չի վերագործարկել մանկապարտեզը, այլև վերանորոգման նախագիծ չունի:
Գլխավոր լուսանկարը՝ hetq.am-ի
Նելլի Լազարյան