«Էս տարի հագեցում եղավ մեքենաների թվաքանակով, ճիշտ ա դրանցից շատերն արդեն շարքից դուրս են եկել, շատ անհանգստացած ենք, վթարները շատացել են շտապօգնության մեքենաների մասնակցությամբ, և մեքենաները պարզապես հետո չեն շահագործվում, հուսով եմ տենդենցը կընկնի»,- ասել էր նախարարը։
Շտապօգնության նոր՝ «Ջինբեյ» (Jinbei) մակնիշի մեքենաները 2018 թվականին Հայաստանին անհատույց տրամադրել էր Չինաստանը։ ՀՀ կառավարության 2018-ի օգոստոսի 30-ի որոշմամբ Չինաստանի տրամադրած 200 մեքենաներից 49-ը տրամադրվել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին։
Վթարների վիճակագրությունը
Fip.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից շահագործվող 49 շտապօգնության մեքենաների մասնակցությամբ 2018-ի օգոստոսի 30-ից մինչ 2019-ի հունիսի 5-ը գրանցվել է ինը ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), այդ թվում՝ երկու խոշոր պատահար հունվարի 5-ին և 30-ին։ Նույն ժամանակահատվածում երկու մեքենա ժամանակավորապես դուրս է եկել շահագործումից։
Ըստ Ճանապարհային ոստիկանության տվյալների, նույն ժամանակահատվածում «Ջինբեյ» մակնիշի շտապօգնության մեքենաների մասնակցությամբ ամբողջ Հայաստանում գրանցվել է զոհերով և վիրավորներով երեք ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է մեկ և մարմնական վնասվածքներ է ստացել ութ մարդ։ Նույն ժամանակահատվածում, ըստ ՃՈ-ի, Երևանում զոհերով և վիրավորներով ՃՏՊ չի հաշվառվել։
Այստեղ կա ակնհայտ անհամապատասխանություն Երևանի քաղաքապետարանի, լրատվականներում առկա տեղեկատվության և ՃՈ-ի հայտնած տվյալների մեջ։ 2019 թ. հունվարի 5-ին և 30-ին Երևանում գրանցված երկու վթարներում, ըստ shamshyan.com-ի, եղել են հոսպիտալացված վիրավորներ։ Ըստ այդմ, հարց է առաջանում, թե որ պետական մարմինն է սխալ տվյալներ ներկայացնում կամ թերի վիճակագրություն վարում։
Շտապօգնության մեքենաներին զիջելու օրենքը և դրա գործածումը
Գրանցված վթարների պատճառներն ու մեղավորները հայտնի չեն։ Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ «կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները զիջում են ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար»։ Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 000 դրամ-խմբ.)»:
Ըստ Ճանապարհային ոստիկանության տվյալների, 2018-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2019-ի հունիսի 5-ը վերը նշված հոդվածով տուգանքի երեք դեպք է գրանցվել, որոնցից մեկը՝ Երևանում:
Այսինքն, ամբողջ երկրով մեկ ինն ամսվա ընթացքում ընդամենը երեք անձ է պատասխանատվության ենթարկվել հատուկ ազդանշաններով մեքենաներին չզիջելու համար։ Հատկանշական է, որ այդ օրենքը վերաբերում է ինչպես շտապօգնության մեքենաներին, այնպես էլ ոստիկանության, հրշեջ և որոշ այլ ծառայությունների մեքենաներին։
Միջազգային փորձը
Մի շարք երկրներում շտապօգնության մեքենաներին զիջելու հատուկ մշակույթ է ձևավորվել։ Եվ շատ դեպքերում չզիջելու համար նախատեսված են խոշոր տուգանքներ։
Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի բնակչությամբ ամենամեծ նահանգում՝ Կալիֆորնիայում, շտապօգնության և այլ հատուկ ազդանշաններով մեքենաներին չզիջելու դեպքում սահմանված է 490 դոլար (մոտ 235 000 դրամ) տուգանք։ Ըստ նահանգային օրենքի, վարորդները պարտավոր են մեքենաներն աջ քաշել և տեղ տալ շտապօգնության մեքենաներին։
Կանադայի խոշորագույն Օնտարիո նահանգում էլ առաջին անգամ չզիջելու դեպքում սահամանված է 400-2000 կանադական դոլար, իսկ երկրորդի դեպքում՝ 1000-4000 դոլար։ Գերմանիայում 2017-ին շտապօգնության մեքենաներին չզիջելու համար տուգանքը 20 եվրոյից բարձրացվեց 320 եվրոյի և միաժամանակ նոր պատիժ ավելացվեց՝ վարորդական իրավունքից զրկում մի ամսով։
Իսկ Հայաստանում օրենքը ոչ միայն չի հստակեցնում, թե ինչպես պետք է վարորդները զիջեն շտապօգնության մեքենաներին, այլև եղած օրենքը գրեթե չի կիրառվում։
Հովհաննես Նազարեթյան