Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելես կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը։
«…Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ. դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա…»,- հայտարարել էր Փաշինյանը։
Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 23, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է. «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերեսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել…»:
Fip.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ԱԱԾ տնօրենը, ինչպես վարչապետն է նշում, երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ հայտարարություն է անում, և առհասարակ՝ ի՞նչ ասել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար։
Այսպես, նախորդ՝ 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Սակայն 2015 թվականի փոփոխություններով այդ տերմինը որոշ չափով փոխեց իր նշանակությունը։ Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Զինված ուժերի ղեկավարումը, ըստ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ դրա անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է։ Ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «… ինքը, (Արթուր Վանեցյանը-խմբ.)դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ», փաստացի չի համապատասխանում իրականությանը։
Սակայն ուշագրավ է այստեղ մեկ այլ հանգամանք։ Այսպես, ԱԱԾ նախկին տնօրենը ևս տարընթերցում է առաջացրել իր՝ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատար չէ հայտարարությամբ, քանի որ անկախ պատերազմական կամ ոչ պատերազմական իրադրությունից՝ ԱԱԾ-ն մնում է վարչապետին ենթակա կառույց։
Այսպես, ըստ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի՝ Ազգային անվտանգության մարմինները ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:
Ազգային անվտանգության մարմինների միասնական համակարգը կազմված է ՀՀ ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից, նրան ենթակա մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից: Ըստ օրենքի՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և դրա անմիջական ղեկավարը վարչապետն է։
ԱԱԾ-ն, ըստ այդմ, Զինված ուժերի մաս չէ, և «գերագույն հրամանատար» տերմինի օգտագործումն այս կոնտեքստում տեղին չէ։ Փաշինյանը, հնարավոր է, այս տերմինն օգտագործել է փոխաբերական իմաստով, քանի որ ԱԱԾ ղեկավարը ենթակա է վարչապետին, բայց այնուամենայնիվ՝ վարչապետի խոսքը տարընթերցումների տեղիք է դարձել։