A1plus.am լրատվական կայքը հունիսի 21-ին լուր է հրապարակել՝ վերնագրում հայտնելով, որ «Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ գերազանցելով Ադրբեջանի մարզիկին»:
Նյութի տեքստը տեղեկացնում է, որ խոսքը Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում անցկացվող Եվրոպայի աթլետիկայի հերթական առաջնության՝ 2-րդ և 3-րդ դիվիզիոնում հանդես եկող երկրների մրցակցության մասին է:
«Մեր աթլետներից հաջող է հանդես եկել միայն Լևոն Աղասյանը, որը 16․36 մ արդյունքով 1-ին տեղն է գրավել եռացատկում և վաստակել է վարկանիշային 15 միավոր: Մեր մարզիկը 45 սանտիմետրով գերազանցել է Ադրբեջանի աթլետ Ալեքսիս Կոպելոյին»,- նշված է նյութում:
Աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունն այս տարի անցկացվում է Եվրոպական խաղերի շրջանակում: 3-րդ դիվիզիոնի խաղերն սկսվել են հունիսի 20-ին և ամփոփվելու են հունիսի 22-ին: Հենց այդ դիվիզիոնում է մասնակցում խաղերին Հայաստանի հավաքականը 20 մարզիկով:
Մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը FIP.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ այս մրցաշարում յուրաքանչյուր աթլետ կարող է իր գրանցած ցուցանիշի համար տրվող միավորներով օգնել Հայաստանին որակավորվել ավելի բարձր դիվիզիոնում հանդես գալու համար: «Մինչև այս պահը [Հայաստանից] ամենաշատ միավորները վաստակել է եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը հաղթել է երրորդ դիվիզիոնի եռացատկի մրցումներում՝ գրանցելով 16 մետր 36 սանտիմետր արդյունք: 15 երկրների միջև պայքարում հայ աթլետներն ավարտված 11 մրցումային իրադարձությունների արդյունքում վաստակել են 80 միավոր և այժմ 9-րդ տեղում են»:
Հետևաբար, A1plus.am-ի նյութի վերնագիրը մանիպուլյատիվ է, քանի որ Լևոն Աղասյանը հաղթել է ոչ թե Եվրոպայի առաջնությունում, այլ 3-րդ դիվիզիոնի եռացատկի մրցույթում: Ավելին, առաջնությունը թիմային է, և միավորների հիման վրա հաղթող են ճանաչվելու թիմերը, ինչպես, օրինակ, 2021 թ. առաջնության չեմպիոնը համարվել է Լեհաստանի հավաքականը
Լուսինե Ոսկանյան