«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը այսօր հացադուլ և դասադուլ են հայտարարել՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։
Նախաձեռնության համակարգողը՝ Դավիթը, այսպես բացատրեց իրենց որոշումը, — «Մեկ ամիս բանակցություններ են եղել, որի ժամանակ մենք հանդիպել ենք ԿԳ նախարարի, Պաշտպանության նախարարի, փոխնախարարի, 4 բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունները արդյունք չտվեցին։ Եթե նշվում էր, թե զիջում է լինելու, ոչ մի զիջում էլ տեղի չի ունեցել։ Սկզբում ասվում էր, որ բացառիկ ուսանողները պետք է անցնեն, 2 օր առաջ նախագահը ասաց, որ հանճարեղ ուսանողներ պետք է լինեն։ Մեզ առաջարկում են՝ չափորոշիչներ ներկայացնել հանճարեղ ուսանողների համար, բայց մենք այդ չափորոշիչները չունենք»։
Տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ պայքարող ուսանողների այս քայլը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեկնաբանեց այսպես, — «Առավոտյան մտել են լսարան, հայտնի դեմքեր են, որոնք երեկ չէ առաջի օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են առավոտյան մտել են այդ լսարանը և հացադուլ են անում»։
Ի պատասխան ռեկտորի հայտարարության՝ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ մասնակցել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կազմակերպած միջոցառմանը (ձմեռային դպրոցին), և նա որպես ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում դիտորդների համակարգող, հրավիրված է եղել (Դավիթ Պետրոսյանի հրավերը կարելի է տեսնել այստեղ):
«Հրավերքը, ես իրենց տվել եմ, իրա [խմբ․` Արամ Սիմոնյանը] մոտ թուղթը կա, ես ինչի եմ գնացել», — նշել է ակտիվիստ ուսանողը։ Այսինքն, ըստ Դավիթ Պետրոսյանի, ԵՊՀ ռեկտորը իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը անելիս իրականում տեղյակ է եղել, որ դա սուտ է:
Նշենք, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Լեհաստանում անցկացվել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից միջոցառմանը մասնակցել է «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» առաքելություններից շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչ:
Միջոցառման օրակարգը կարելի է գտնել այստեղ: Ոչ միջոցառումը և ոչ էլ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը «Սորոսի հիմնադրամ» անունով հայտնի «Բաց Հասարակության հիմնադրամներից» գումար չեն ստացել: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը դիտարկել է տարածաշրջանի բազմաթիվ ընտրություններ (այդ թվում՝ 2017 թվականի ՀՀ ԱԺ ընտրությունները) և համարվում է այդ հարցում աշխարհի ամենակոմպետենտ միջազգային հասարակական կազմակերպություններից մեկը:
Հավելենք, որ հացադուլ հայտարարած երկու ակտիվիստներից մյուսը՝ Յուրի Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք Լեհաստանում չի եղել։