Դեռևս խորհրդային ժամանակներից՝ 1983 թվականին, մեկնարկել է Եղվարդի ջրամբարի շինարարությունը։ Ծրագիրը դադարեցվեց 1998-99թթ․ և վերսկսվեց միայն 2012 թվականին, երբ Հայաստանի կառավարությունը դիմեց Ճապոնիայի կառավարությանը՝ հայցելով վարկային օգնության ծրագիր: Ջրամբարի կառուցումը կարևորվում էր մի քանի կետերով՝ Սևանա լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով, վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հեկտարով և այլն։
Բացի այս ջրամբարի մերձակա տարածքում նախատեսվում էր հանգստի գոտի ստեղծել։ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի համոզմամբ` եթե ջրամբարը գործեր, կփոխվեր նաև տեղի կլիման: «Եղվարդը կդառնար հանգստի գոտի: Մայրաքաղաքին ավելի մոտ լինելով, քան Սևանը` կկարճացներ հովեկների ճանապարհը: Եվ հետո, եթե Սևանում հանգստի սեզոնը 1-2 ամիս է, մեզ մոտ` 6 ամիս»,- ասում էր Սարգսյանը։
Այս ջրամբարը կառուցելու խոստում տվել է նաև Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Հանդիպելով Եղվարի բնակիչների հետ՝ Սերժ Սարգսյանն ասել է․ «Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թվականներին կսկսվեն դրանց կառուցողական աշխատանքները: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»։
Այս հայտարարությունից անցել է ավելի քան 5 տարի, սակայն ջրամբարը այդպես էլ չի կառուցվել և անգամ նախագծված չէ: Ավելին, մեր հարցմանը ի պատասխան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնեցին, որ «ծրագրի իրականացումը համարվել է ոչ նպատակահարմար և այն անորոշ ժամանակով դադարեցվել է»:
Այսպիսով, 1983 թվականից մեկնարկած այս ծրագիրը, որի կարևորությունը ներկայացրել է կառավարությունը, իսկ կառուցելու խոստումը տվել Սերժ Սարգսյանը, այդպես էլ չի իրագործվել և տեսանելի ապագայում չի իրագործվի:
Հ.Գ. Հավելենք, որ այս հետաքննության սահմաններում մեր առաջին հարցմանը պատասխանել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Արզումանի Հարությունյանը, ով խախտելով «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը՝ փորձել էր ջրամբարի ապագան ներկայացնել որպես ծառայողական գաղտնիք: Սակայն տեղեկանալով դատարան դիմելու մեր մտադրության մասին՝ նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց հարցմանը: