«5-րդ ալիքի» լրագրող Գայանե Բալայանը, մարտի 3-ի երեկոյան թողարկման ընթացքում, լուսաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ, թույլ է տվել մի շարք փաստական սխալներ։
Մասնավորապես, լրագրողը, խոսելով Թուրքիա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին, նշել է, թե այդպիսի հանդիպումը չտեսնված է վերջին մի քանի տարվա համար։
««Բժիշկ, բժշկեա զանձն քո»: Ղուկասի ավետարանի այս նախադասությունն է Հայաստանի Արտգործնախարարության պաշտոնական արձագանքը Անկարայում Թուրքիայի արտաքին քաղաքականության պատասխանատուի և Մինսկի խմբի համանախագահների վերջին մի քանի տարիների համար չտեսնված հանդիպմանը»,- մասնավորապես, ասել է լրագրողը։
Վերջինս, բացի դա, վկայակոչելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, նշել է, թե վերջինիս բարկացրել է այն, որ «Թուրքիան նորից ձգտում է ընդգրկվել Մինսկի խմբի կազմում»։
Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է 1992 թվականի մարտի 24-ից, երբ Հելսինկիում կայացած հանդիպման ընթացքում որոշվեց Մինսկում անցկացնել կոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի և Արցախի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելի ուշ՝ 1997-ին, հիմնադրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Իրականում, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հենց վերջինի մասին էր խոսել՝ ասելով, որ իր համար «հասկանալի չէ, որ Թուրքիան համառորեն ջանքեր է գործադրում դառնալու համանախագահող երկիր»: «5-րդ ալիքի» լրագրողը, այսպիսով, սխալ է մեկնաբանել պատգամավորի հայտարարությունը:
Ապատեղեկատվություն է նաև լրագրողի մյուս պնդումը, թե այս հանդիպումը վերջին տարիների համար «չտեսնված» էր:
Թուրքիան դեռ 90-ականներից ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և այս երկրի ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունեցել են բազմիցս: Մասնավորապես, մինչ այս հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Անկարա այցելել էին 2017-ի նոյեմբերին: Այս մասին, ինչպես մարտի 2-ին կայացած հանդիպման դեպքում, Թվիթերի իր էջում գրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: 2017 թվականի այցը նախատեսված էր դեռ 2016-ի ամռանը, սակայն հետաձգվել էր: Համանախագահ Ջեյմս Ուորլիքն այդ ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի խումբը պատրաստ է ցանկացած ժամանակ այցելել Անկարա:
Ավելի վաղ՝ 2014-ին, Անկարա էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), 2009-ին՝ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:
Այսպիսով, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը լուսաբանելիս թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք, ընդհանուր առմամբ, խեղաթյուրում են իրական փաստերը և մոլորեցնում հեռուստադիտողին։
Անի Ավետիսյան