Ազգային ժողովում hունիսի 19-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանն ունի ոսկու պաշարներ, և եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր են արվում դրանք վերականգնելու ուղղությամբ։ ԿԲ նախագահը պատասխանեց, որ դեռևս չունենք ոսկու պաշարներ, սակայն մյուս տարի արդեն ոսկու ձուլարանը պատրաստ կլինի, և Հայաստանը կունենա բանկային ոսկի։
Փաստերի ստուգման հարթակը պարզեց, որ նույն խոստումն Արթուր Ջավադյանը տվել էր նաև 3․5 տարի առաջ։
2015 թ․ նոյեմբերին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով այս թեմային, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Հայաստանը վերականգնել է միջազգային պահուստներում ոսկու պաշարները, ինչին ԿԲ նախագահը պատասխանել էր․ «Այս պահին մենք ոսկու պաշարներ չունենք, բայց ունենք նպատակ, արդեն բանակցություններն ավարտել ենք մի շատ լուրջ աֆինաժ իրականացնող շվեյցարական ընկերության հետ, որը Հայաստանում է ներդրումներ անելու։ Արդեն նախագծային աշխատանքներն ավարտվում են, շատ կարճ ժամանակում կսկսվի գործարանի շինարարությունը։ Տեղը որոշված է, ընկերությունը որոշված է։ Հաջորդ տարվա վերջում մենք հնարավորություն կունենանք արտադրել բանկային ոսկի, աֆինաժ իրականացնել, և դա հնարավորություն կտա մեր հանքարդյունաբերության ոլորտին ցածր կոնցենտրացիայով ոսկին չտեղափոխել արտասահման, այլ այստեղ՝ տեղում վաճառել գործարանին և ստանալ բանկային ոսկի»։
Ջավադյանի՝ 2015 թվականին արված այս հայտարարությունից ավելի քան երեք ու կես տարի անց՝ հունիսի 19-ին, ԱԺ նիստում նույն բովանդակությամբ հարցին Արթուր Ջավադյանը, փաստացի, նույն պատասխանն է տվել։
«Մենք արդեն 2 տարի է՝ աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ, արդեն իսկ վերջին ակորդներն են, և շատ շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվի հենց բանկային ոսկի, ու մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան կամ խտանյութը հանձնել այդ գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կամ վաճառել գործարանին։ Մենք էլ հնարավորություն կունենանք հայկական արժույթով գնել ոսկի շուկայից։ Ես գտնում եմ, որ հաջորդ տարի մենք այդ հնարավորությունը կունենանք։ Արդեն ամեն ինչ պատրաստ է վերջնական թե՛ սարքավորումները․․․ Գործարանի նախնական տեղը ընտրված է»։
Ինչպես տեսնում ենք, Արթուր Ջավադյանը գրեթե բառացի կրկնում է 2015 թվականին ՕԵԿ պատգամավորին տված պատասխանը, միայն մի տարբերությամբ, որ այս դեպքում, Ջավադյանի խոսքով, արդեն 2 տարի է, ինչ աշխատում են վերոնշյալ շվեյցարական ընկերության հետ, և հարց է առաջանում, թե ի՞նչ ընկերության հետ էին տարվում բանակցությունները 2015 թվականին՝ առավել ևս, որ ԿԲ նախագահի խոսքով՝ գործարանը բացվելուն գրեթե ոչինչ չէր մնացել։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ոսկու պաշարների համալրման նպատակով 2015 թվականին տրված խոստումը չի կատարվել։ Իսկ ինչ վերաբերում է նոր խոստմանը՝ կապված հաջորդ տարվա հետ, ցույց կտա ժամանակը։
Հիշեցնենք, որ դեռևս 2003 թ․ Կենտրոնական բանկն ամբողջությամբ վաճառել էր ոսկու պաշարները, որը հիմնավորել էր այսպես․ «Քանի որ ոսկով հաշիվների եկամտաբերությունը տատանվել է զրոյական մակարդակի շրջանում, միևնույն ժամանակ իրացվելի և բարձր վարկանիշ ունեցող ակտիվների տոկոսադրույքները զգալիորեն բարձր են եղել, որոշում է կայացվել այն վաճառել և վաճառքից ստացված գումարը ներդնել վերոնշյալ ակտիվներում»։ Այսպիսով, Հայաստանը մոտ 17 մլն դոլարով վաճառել էր իր ոսկու պաշարները՝ 1,3 տոննա։
Սևադա Ղազարյան