Հայաստանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ կորոնավիրուսի համավարակի դեմ կանխարգելիչ նոր միջոցառումները, ըստ որոնց՝ գործատուներն աշխատակիցներից պարտավոր են պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք, դեռևս հարցեր են առաջացնում հանրության շրջանում։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար։
Ե՞րբ է փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը
Հաճախ տրվող հարցերից է, թե արդյո՞ք գործատուները տուգանվելու են հոկտեմբերի 1-ից ստուգայցերի ժամանակ աշխատակիցների ՊՇՌ թեստի կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատի բացակայության դեպքում, թե՞ ոչ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ քաղաքացին 14 օրվա ընթացքում իրավունք ունի ներկայացնելու գործատուին ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող 72 ժամվա վաղեմության փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ։
«Այդ ընթացքում՝ մինչև 14-րդ օրը, տուգանող մարմինը չի կարող տուգանք կիրառել։ Եթե 14-րդ կամ 15-րդ օրը գնաց, և տեսավ, որ 14 օրվա թղթերը չեն ներկայացվել, այդ ժամանակ կարող է տույժ-տուգանք կիրառել»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։
Ովքեր կարող են չներկայացնել փաստաթղթեր
Նախարարի մամուլի քարտուղարը նաև նշեց, որ ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ չեն ներկայացնում հղիները: Ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել, իսկ հակացուցում ունեցողները, համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնելով, ազատվում են այդ պարտավորությունից։
Շուշան Ստեփանյան