Սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցները տարածեցին փաստաբան Գեղամ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ դատարանի որոշմամբ հաստատվել է դպրոցներում երեխաների՝ դիմակ կրելու պարտադրանքի ապօրինի լինելը:
Փաստաբանը, մասնավորապես, նշել էր, որ իր դիմումի հիման վրա վարչական գործով վարչական դատարանը հաստատված է համարել, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման ու կատարման։
«Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»,- շեշտել էր Սիմոնյանը
Կառավարության «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզել էր, որ փաստաբանի ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա սեպտեմբերի 10-ին դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։
Fip.am-ը կապ հաստատեց Գեղամ Սիմոնյանի հետ պարզելու, թե ինչու է ապակողմնորոշող գրառում արել։ Նա հաստատեց, որ դատարանն իսկապես իր դիմումը վերադարձրել է, սակայն դա մեկնաբանեց այլ կերպ։
Ըստ փաստաբանի՝ վարչական դատարանը դիմումը գնահատելիս եկել է հետևության, որ ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ, ավելին՝ դրա հիմքում դրված չէ որևէ նորմատիվ իրավական ակտ: Փաստաբանի խոսքով՝ դատական ակտն իր համար ավարտուն տեսք ունի. «Ես, համոզվելով, համարելով, որ ես սխալվել եմ՝ վարչական ակտ, նորմատիվ իրավական ակտ Covid-ի շրջանակում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցի տեսքով չկա բնության մեջ: Դատարանն ինձ համոզիչ կերպով ապացուցել է դա: Եվ այդ պարագայում ես առնվազն անիմաստ եմ համարում վարչական ակտը բողոքարկելը կամ կրկին ներկայացնելը, որովհետև դատարանը ճիշտ է»:
«Փաստերի ստուգման հարթակը» նույնպես ուսումնասիրեց «ԴԱՏԱԼԵՔՍ» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված որոշումը, ըստ որի՝ դատարանը գտել է, որ դիմումը ենթակա է վերադարձման: Դատարանն արձանագրել է, որ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը» չունի նորմատիվ իրավական ակտի ձևակերպում: Սակայն շեշտել է, որ դրա համար հիմք են հանդիսացել այլ նորմատիվ իրավական ակտեր՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության 16.03.2020 թ.-ի թիվ 298-Ն որոշումը և պարետի 18.08.2020 թ.-ի թիվ 253 որոշումը:
«Դիմումը չի պարունակում նաև «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության 16.03.2020 թ.-ի թիվ 298-Ն որոշման և պարետի 18.08.2020 թ.-ի թիվ 253 որոշման կիրառման դեպքում հայցվորի իրավունքների հնարավոր խախտման մասին փաստարկ, թեև այդ նորմատիվ ակտերը ևս վիճարկվում են»,- նշվել է ակտում: Այսինքն՝ փաստաբանը նախ պետք է հասներ նորմատիվ իրավական ակտ համարվող կառավարության որոշումների անվավեր ճանաչելուն, որից և կբխեր դրանց հիմքով ստեղծված ուղեցույցի ապօրինի լինելը:
Դատարանը շեշտել է նաև, որ դպրոցներում կորոնավիրուսի պայմաններում դասապրոցեսի կազմակերպման դեմ բողոք ներկայացնելով՝ դիմումատուն որևէ կերպ չի փաստարկել, թե կոնկրետ իր իրավունքներին դա ի՞նչ կերպ է առնչվում․ «Դիմումում միայն բերված են ընդհանրական փաստարկներ՝ երեխաների իրավունքների խախտման մասին, սակայն հայցվորի իրավունքներին նշված փաստաթղթի առնչությունը փաստարկված չէ»:
Այսպիսով, Գեղամ Սիմոնյանի հայտարարությունը, թե դատարանի որոշմամբ հաստատվել է դպրոցներում երեխաների՝ դիմակ կրելու պարտադրանքի ապօրինի լինելը, կեղծ է և մանիպուլյատիվ, քանի որ դատարանն իրականում հետ է ուղարկել փաստաբանի դիմումը՝ պատճառաբանելով, որ հանրակրթարաններում կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը վիճարկելու համար նա նախ պետք է փաստարկեր դրա համար հիմք ծառայած կառավարության որոշումը, ինչը չի արվել։
Լուսինե Ոսկանյան