2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Իվան Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ զենքերի մատակարարումներն արդեն սկսվել են:
Մասնավորապես, դեսպանն ասաց. «…Վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային արտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:»:
Այնինչ, իրականությունը, պարզվեց, այլ է: «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացված գրությամբ գերատեսչությունից հայտնում են, 2016 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի շրջանակներում վարկային միջոցների օգտագործում չի եղել:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետը ամրագրում է, թե ո՞ր օրվանից է սկսվում վարկի գումարի օգտագործումը հաշվարկվել: Զենքերի մի մասի դեպքում դա արտադրության ցիկլի յուրաքանչյուր փուլի ավարտը հավաստող ակտի կամ այլ փաստաթղթի ամսաթիվն է, մյուս մասի դեպքում՝ մատակարարումը հաստատող փաստաթղթի ամսաթիվը:
Հետևապես, եթե հոկտեմբերի 3-ի դրությամբ վարկային միջոցների օգտագործումներ չեն եղել, ապա այդ օրվա դրությամբ համաձայնագրի սահմաններում որևէ զենք հայկական կողմին չէր մատակարարվել… Ի հեճուկս այն հանգամանքի, որ դրանից 6 օր առաջ (սեպտեմբերի 27-ին) ՌԴ դեսպանը պնդեց, որ «Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են»: