Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինիկինը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանում ֆինանսավորում և իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, դեսպանը, չմանրամասնելով, թե որ դպրոցների մասին է խոսքը, նշեց. «ՌԴ ֆինանսական մասնակցությամբ լուծվում է Հայաստանի դպրոցներում մանկական սննդի խնդիրը»:
Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը և ո՞ր դպրոցներում է այն իրականացվում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գևորգ Եղինյանը հայտնեց, որ այդ ծրագիրը իրականացվում է նախարարության կողմից՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին և որևէ այլ երկրի ֆինանսավորում նրանք չեն ստանում:
«Այդ ծրագիրը իրականացնում է նախարարությունը Հայաստանի մի շարք մարզերում, նմանատիպ ծրագիր իրականացնում է նաև ՄԱԿ-ը»,- ասաց Եղինյանը:
Նշենք, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ է և փաստացի առնչություն ունի մանկական սննդի հետ կապված ծրագրին, սակայն այնքանով, ինչքանով, օրինակ, ՄԱԿ-ի անդամ Տանզանիան։
Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանից նմանատիպ ծրագրի ֆինանսավորում կա, Կրթության և գիտության նախարարության պաշտոնյան պատասխանեց, որ ոչ:
Հիշեցնենք, որ սա դեսպան Վոլինկինի Հայաստանում հայտարարած առաջին սուտը չէ. 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում ռուսական զենքերի մատակարարումներն արդեն սկսվել են, մինչդեռ այդ օրվա դրությամբ համաձայնագրի սահմաններում որևէ զենք հայկական կողմին չի մատակարարվել: