Սեպտեմբերի 9-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրու «Դվին» հարսանյաց սրահում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Պարզվել է, որ տագնապի ազդանշան է միացել այն բանից հետո, երբ ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Վասիլի Իչետովկինը ռեստորանի հետնամուտքից, կոտրելով դուռը, ներս է մտել և վնասել գույքը՝ օդորակիչը, սառնարանները, ծաղկամանները։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան բերման են ենթարկել Շիրակի մարզային վարչության Մուշի բաժին։
Հաջորդ օրը, ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել և փոխհատուցել վնասը։
«Իրազեկ քաղաքացիները միավորում»-ը հարցում ուղարկեց ոստիկանություն՝ պարզելու համար` արդյոք Իչետովկինը հանձնվել է (փոխանցվել է) Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարությանը, և եթե այո, ապա ի՞նչ հիմքով։
Ոստիկանությունից ստացված գրությամբ տեղեկացանք․
«․․․Ի պատասխան Ձեր 11․09․2018թ․ թիվ Հ-1648 հարցմանը հայտնվում է, որ 2018թ․ սեպտեմբերի 9-ին ՌԴ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Վասիլի Լազարևի Իչետովկինը ոչ սթափ վիճակում բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժին՝ գույքի դիտավորյալ ոչնչացում կատարելու կասկածանքով, որից հետո Շիրակի մարզի դատախազի բանավոր ցուցումով նյութերը հանձնվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին, իսկ Վ․Իչետովկինը՝ նշված ռազմաբազայի հրամանատարությանը»։