Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը փետրվարի 3-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արցախյան խնդրի կարգավորման գործընթացին և մի շարք հայտարարություններ արել:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ բանակցային սեղանին քննարկվում է «Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը», իսկ ըստ Արցախի գործող Սահմանադրության՝ «Հայաստանը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորն է»:
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Դավիթ Շահնազարյանի այս և այլ հայտարարությունների իսկությունը:
Կրկնակի հերքում ԱԳՆ կողմից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հունվարի 28-30-ը Ժնևում շուրջ 11 ժամ տևած քննարկում են ունեցել, որից հետո ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել բանակցային գործընթացի մասին որոշ վիճահարույց հայտարարություններով։ Մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում Շահնազարյանը պնդել էր, թե բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ։ «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը»,- ասել էր Շահնազարյանը:
Ի պատասխան սրա՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել էր Դավիթ Շահնազարյանի մեկնաբանությունները՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Արմնյուզի» եթերում, սակայն, Դավիթ Շահնազարյանը պնդել է, որ ԱԳՆ հերքումը չի վերաբերում իր տված տեղեկություններին: «Արտգործնախարարությունը բացարձակապես ինձ չի հերքել: Ես երեք տեղեկություն եմ տվել: Երկուսն իրենք հաստատել են, երրորդը՝ պնդում եմ, որ ճիշտ է»,- հարցազրույցի ընթացքում նշել է Դավիթ Շահնազարյանը:
Նա Արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել հայտարարել, որ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում չի բանակցվել հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծման հարցը: «Դա ճշմարտություն է, արտգործնախարարությունը չի էլ փորձում դա հերքի»,- հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս մեկ անգամ հերքեց Շահնազարյանի այս հայտարարությունը: «Դավիթ Շահնազարյանի մեկնաբանությունները որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ: Հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման հարց հանդիպման ընթացքում չի քննարկվել»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Իսկ Դավիթ Շահնազարյանի այն պնդումը, թե իր ներկայացրած տեղեկություններից մյուս երկուսը՝ լայն շրջանակի հարցերի քննարկման և բանակցային գործընթացն էլ ավելի ինտենսիվացնելու վերաբերյալ, ԱԳՆ-ն հաստատել է, քանի որ դրանք առկա են հայտարարության տեքստում, նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հայտարարությունում նշված է, որ եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են օրակարգային հետևյալ հարցերին՝ 2019 թվականին քննարկված համաձայնությունների իրականացումը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը և կարգավորման գործընթացի առաջմղման ժամանակացույցն ու օրակարգը:
Հայտարարությունում առկա չեն Դավիթ Շահնազարյանի նշած՝ բանակցությունների ինտենսիվացումը և հարցերի լայն շրջանակի քննարկումների մասին հիշատակումները:
Ի՞նչն է սխալ թարգմանել ԱԳՆ-ն
Հարցազրույցի ընթացքում Շահնազարյանն անդրադարձ է կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների տարածած հայտարարության հայերեն տեքստին: ԱԱԾ նախկին պետը նշեց, որ քաղաքական նպատակներով ԱԳՆ-ն սխալ թարգմանություններ է կատարում ու մոլորեցնում հանրությանը:
«Հայտարարության մեջ երկու անգամ օգտագործված է […] settlement բառը, որը պրն. Մնացականյանը թարգմանել է որպես կարգավորում: Այ եթե հենց հիմա գուգլով նայեք՝ settlement ինչ է նշանակում դիվանագիտական իմաստով, դա նշանակում է հակամարտության կամ վեճի շուրջ պաշտոնական համաձայնագիր»,- ասում է Շահնազարյանը:
Settlement բառը Քեմբրիջի համալսարանի բառարանում բացատրվում է որպես «official agreement that finishes an argument» (վեճը հանգուցալուծող պաշտոնական համաձայնություն)։ Հայերեն բառը թարգմանվում է որպես լուծում, կարգավորում և համաձայնություն:
Դիվանագիտական բառապաշարում settlement բառը գործածվում է կարգավորում իմաստով: «Peaceful settlement of conflict» արտահայտությունը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի նախորդ և ներկա իշխանությունների մի շարք հայտարարություններում թարգմանվել և շարունակվում է թարգմանվել որպես «հակամարտության խաղաղ կարգավորում»: Վերջին հայտարարությունում ևս խոսքը կարգավորման գործընթացի մասին է («basis of a future settlement», «advancing the settlement process»):
Ո՞վ է Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը
Խոսելով Արցախյան խնդրի մասին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ թեպետ Փաշինյանը համաձայն չի լինի, բայց միջազգային հանրությունը պետք է իմանա. «Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորն է՝ ըստ նրանց գործող Սահմանադրության»:
Այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը: Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը ԱՀ նախագահն է: Հայաստանի՝ Արցախի տարածքային ամբողջականության երաշխավորը լինելու մասին հիշատակություն Սահմանադրությունում չկա:
Իսկ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 2007 թվականին հաստատված «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինում»: «Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է»,- նշված է փաստաթղթում, սակայն երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը լինելուն անդրադրձ այստեղ չկա:
Արցախի միջազգային ճանաչման և Ադրբեջանի կազմում լինելու հարցը
ԱԱԾ նախկին պետը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չպետք է լինի: «Փաշինյանը վախենում է այդ մասին խոսել, որ հիմնական խնդիրը Արցախի միջազգային ճանաչումն է»,- հարցազրույցի մեկ այլ հատվածում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:
Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու հարցին վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2018 թ. սեպտեմբերի 26-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ: «Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար՝ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչմանը, ապա ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մի քանի անգամ անդրադարձել են Հայաստանի դիրքորոշմանը: Դեռ 2018-ի մայիսին՝ Արցախ կատարած առաջին այցի ժամանակ, Փաշինյանը խոսել է Արցախի միջազգային ճանաչման համար անհրաժեշտ քայլերի մասին, նշել, որ Հայաստանի և Արցախի վերամիավորման հիմնական նախապայմանը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Նույն թվականի դեկտեմբերին՝ նախընտրական բանավեճի ժամանակ, Արցախյան խնդրին կատարած անդրադարձի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ բանակցությունները վարվում են երկու ուղղությամբ՝ Արցախի ինքնորոշման ճանաչում և ժողովրդի անվտանգության ապահովում: «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի Արցախի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով»,- ասել էր Փաշինյանը:
Փաշինյա՞նն է նշանակելու Արցախի նախագահին
Հարցազրույցի ընթացքում Շահնազարյանը խոսել է նաև Արցախի նախագահական ընտրություններին մասին՝ նշելով, որ Փաշինյանը բարձրաձայնել է, որ ինքը պետք է ունենա իր նշանակած ղեկավարը Արցախում:
Մինչդեռ իրականում Նիկոլ Փաշինյանը չի խոսել Արցախում իր ընտրած նախագահ ունենալու մասին, ավելին՝ նա բազմիցս նշել է, որ Արցախում նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ, իսկ Հայաստանի կառավարությունը աջակցելու է դրան: Իր այս դիրքորոշումը նա հաստատել է նախորդ տարվա մարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ, ապա՝ դեկտեմբերին Արցախի նախագահի թեկնածուների հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում Փաշինյանը կարևորել էր ազատ և մրցակցային ընտրությունների անցկացումը: Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, ըստ այդմ, հակասում է Նիկոլ Փաշինյանի ելույթների բովանդակությանը և չի համապատասխանում իրականությանը: