Արդեն մի քանի օր է չեն դադարում քննարկումները 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների դեպքի աթռիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղսագրվող արարքի ճիշտ որակման շուրջ:
Մենք մի հրապարակում ունեցել ենք այս թեմայով, որտեղ փորձել են բացատրել, որ սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածում նկարագրված արարքը հանցավոր է եղել նաև 2008 թվականին։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով նույն խնդրի մասին, ասել էր, որ Միքայել Հարությունյանին 300.1 հոդվածով մեղադրելը հակասահմանադրական է և հղում էր կատարել Սահամանդրության 72-րդ հոդվածին, որը սահմանում է․ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել...»: Նա հույս էր հայտնել, որ իրավապահ մարմիններն ավելի լուրջ կվերաբերվեն իրենց աշխատանքին, քանի որ նման սխալներով իրավապահներն արժեզրկում են կատարված «շատ կարևոր աշխատանքը»:
Երբ և ինչու խմբագրվեց 300-րդ հոդվածը
Այս իրավական բանավեճը ավելի լավ պարզաբանելու համար այժմ կանդրադառնանք Քրեական օրենսգրքում 2009 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած փոփոխություններին, որոնց հետևանքն այսօր ՀՀԿ-ն համարում է հակասահամանադրական: Եվ այսպես, իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրելու և նոր 300.1 հոդված ավելացնելու օրենքի նախագծի համահեղինակը նույն Դավիթ Հարությունյանն է, ով 2009 թվականին զբաղեցնում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Դավիթ Հարությունյանն ԱԺ պատգամավորներ Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի և Արմեն Ռուստամյանի հետ միասին ներկայացրել էր Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի անհրաժեշտությունն այն ժամանակ քաղաքական էր, քանի որ առկա էր մարտի 1-ի դեպքերով պայմանավորված աղմկահարույց 7-ի գործը, Եվրախորհրդի 1609 բանաձևը և մեկ այլ բանաձև: Քրեական օրենսգրքում այդ ժամանակ փոփոխություններ իրականացվեցին ինչպես զանգվածային անկարգությունների հոդվածներում, այնպես էլ իշխանությունը յուրացնելու հոդվածում, քանի որ դրանց փոփոխմամբ 7-ի գործով անցնողները կարող էին հետագայում մեղմ պատժի արժանանալ:
Սահմանադրական կարգի տապալմանն առնչվող ելույթներն ու հարցադրումները
2009 թվականի փետրվարի 24: Քրեական օրնսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնում է նախագիծը: «Ես սկսեմ իմ ներկայացումը 300 հոդվածից, որը կոչվում է իշխանություն յուրացնել։ 300 հոդվածը իմ կարծիքով իր մեջ պարունակում էր առնվազն հինգ թերություն։ Նախ, հոդվածը գործող օրենքում վերնագրված էր «Պետական իշխանությունը յուրացնելը»։ Այն, ինչ իր մեջ ընդգրկում է չորս տարբեր հանցակազմ։ Պայմանական ասենք պետական իշխանությունը զավթելը, պահելը, սահմանադրական կարգը տապալելը և տարածքային ամբողջականությունը խախտելը։
…Ի՞նչ արվեց արդյունքում։ Արդյունքում առաջարկությունը աշխատանքային խմբի հետևյալն է։ Նախ, յուրաքանչյուր հանցակազմ պետք է ինքնուրույն սահմանվի՝ ի՞նչ է իշխանությունը զավթելը, ի՞նչ է իշխանությունը պահելը և այս երկուսն են կազմում, ըստ էության, իշխանության յուրացում հանցագործության էությունը»:
2009 թվական փետրվարի 25: Նույն նախագծի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշա Շահբազյանը։ «300 հոդվածը հատապես նկատի ունեի, երբ ասում էի, որ իսկապես հստակեցման կարիք կար։ Նույնիսկ այս տեսքով հոդվածը չէր կարելի թողնել ընդհանրապես Քրեական օրենսգրքում, որովհետև, թույլ տվեք ես արագ ընթերցեմ. «Պետական իշխանությունը յուրացնել ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն…»։ Այսինքն՝ կարելի է մտածել, որ Սահմանադրությունը կարելի է չխախտել, բայց պետական իշխանությունը փոխել, կամ կարելի է իշխանությունը զավթել, բայց բռնություն չգործադրել, ինչն անհասկանալի է, թե ինչպես է լինում։ Նույնը վերաբերում է պահելուն, նույնը վերաբերում է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն։ Այսինքն՝ կա երևի նաև այլ ձև։ Ստացվում է՝ կամ ՀՀ տարածքային ամբողջությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ։ Այսինքն, ինչպես նաև տեսանք, այստեղ տարբեր հանցակազմեր բերվել, լցվել է մի կաթսայի մեջ և ակամայից սրանցից որևէ մեկով մեղադրվողի վրա կարող էին նաև ազդել մյուս այս հանցատեսակները։
«Այստեղ, այս հստակեցումները, հոդվածը մասերի բաժանելը, այսպես ասած, հանցակազմերի, կարծում եմ, շատ կարևոր է»,- իր ելույթում նշել է Արտյուշա Շահբազյանը:
Պատգամավոր Արտյուշա Շահբազյանի կողմից եզրակացությունը ներկայացնելուց հետո նրան հարց է ուղղում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Եվ չե՞ք կարծում, եթե այս 300 հոդվածը փոխվի՝ պետական իշխանությունը յուրացնելը ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, եթե այս 7-ի գործով և մեկ այլ գործ էլ է հարուցված, պարզվի, որ բռնությամբ պետական իշխանությունը պահել են նախկին իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, և պետության ներկայացուցիչներն են կրակել ժողովրդի վրա, մենք դա գիտենք բոլորս, որոնցից 3-ը զոհվել են «Չերյոմուխա 7»-ից, եթե նրանց վրա քննությունը տարվում է այնպես, և նրանք էլ մեղադրյալների աթոռին պետք է նստեն, իսկ իմ խորին համոզմամբ, դա այդպես է, այդ դեպքում այս հոդվածը չի գործելու։ Ի՞նչ է, մենք պատասխանատվությունից ցանկանում ենք ազատել ա՞յդ մարդկանց։ Ի՞նչ եք կարծում, կարող է այսպիսի իրավիճա՞կ նաև ստեղծվել»,- հարցրել է Զարուհի Փոստանջյանը:
Այս հարցին ոչ Արտյուշա Շահբազյանը պատասխանեց, ոչ էլ Դավիթ Հարությունյանը: Արտյուշա Շահբազյանն ասաց․ «Հիմա տեսական դատողություն է։ Դուք ասում եք, որ կրակել են միայն իշխանության ներկայացուցիչները, ես էլ կասեմ, որ կրակել են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները։ Ես էլ կասեմ, որ երկու զինվորականներին իշխանության ներկայացուցիչները հատուկ չէին սպանելու, որպեսզի, չգիտեմ, բարդացնեն գործը․․․»: Դավիթ Հարությունյանը իր հերթին շրջանցեց հարցը. «․․․Ես կարծում եմ, պատեհ չէ, նման հարցեր կարելի էր տալ հեղինակներին։ Ես դա ամբողջովին կընդունեմ, բայց ո՛չ հանձնաժողովի կարծիքը ներկայացնողի։ Շնորհակալություն»։
Ամբողջացնելով վերոգրյալն՝ արձանագրենք, որ Քրեական օրենքրգի 300-րդ հոդվածի փոփոխման և նոր 300.1 հոդված ավելացնելով և Դավիթ Հարությունյանը և Արտյուշա Շահբազյանը պնդել են, որ մի քանի հանցակազմ կա հոդվածում, այդ թվում սահամանդրական կարգը տապալելը, և որ դրանք առանձնացնելու կարիք ունեն: Այսինքն, սահմանադրական կարգի տապալումը հանցագործություն է եղել նաև 2008 թվականին, պարզապես 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները նկարագրված են եղել 300 հոդվածում, որը վերանգրված էր՝ «Պետական իշխանությունը յուրացնելը»:
Տիրայր Մուրադյան