Oragir.news-ը մարտի 12-ին «ԿԳՄՍՆ-ն դպրոցական դասագրքից հանել է Հայոց ցեղասպանություն տերմինը՝ խեղաթյուրելով Դանիել Վարուժանի մահը» վերտառությամբ հրապարակում է արել։
Կայքը հղում է արել Արթուր Լալայան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջը, որը «Գրականություն» առարկայի դասագրքից երկու լուսանկար էր հրապարակել՝ գրելով․ «Տղես Դանիել Վարուժանի կենսագրությունն ա պատմում։ Զգում եմ՝ ոնց որ Էրդողանը խմբագրած լինի։ Ասում եմ «Դասագիրքդ ո՞ր թվի տպագրություն ա»։ Ձեռքից վերցնում եմ, նայում եմ թվականը (2022 թվական-խմբ․)»։
Oragir.news-ը, վերոհիշյալ գրառման վրա հիմնվելով, մասնավորապես պնդել է, թե «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից 2022 թվականի «Գրականություն» առարկայի դպրոցական դասագրքում «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն» բառակապակցությունները փոխարինվել են «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» բառակապակցությամբ։
Մարտի 13-ին նույնաբովանդակ հրապարակում էր արվել նաև 168․am-ի անգլալեզու տարբերակի ֆեյսբուքյան էջում։
«Ո՞ւմ հրահանգով է դասագրքերում խմբագրվել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը․ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրակրթական դպրոցների համար 2022 թ. հրատարակած գրականության դասագրքում Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն հասկացությունների փոխարեն օգտագործում է «1915-ի ողբերգական իրադարձություններ» նախադասությունը»,- ասվում է լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից հրապարակված՝ արևմտահայ գրող Դանիել Վարուժանի կենսագրության տեքստը պատկերող լուսանկարը իսկապես «Գրականություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքից է՝ հրատարակված «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից։
FIP.am-ը պարզեց, սակայն, որ նույն հրատարակչության կողմից դեռևս 2012 թվականին հրատարակված նույն դասարանի «Գրականություն» առարկայի դասագրքում ևս Դանիել Վարուժանի կենսագրությունը շարադրված է նույնությամբ․ մասնավորապես, դասագրքի 199-րդ էջում խնդրո առարկա պարբերության մեջ «Հայոց ցեղասպանություն» կամ «Մեծ եղեռն» բառակապակցությունների փոխարեն կիրառվում է «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» բառակապակցությունը։
Ուշագրավ է նաև, որ նույն դասագրքի տարբեր էջերում, օրինակ՝ հայ գրող Հովհաննես Թումանյանին նվիրված հատվածում (էջ-162) օգտագործվում է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։
FIP.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, հերքելով տեղեկությունը, թե նախարարությունը դասագրքերից հեռացրել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, հայտնեց, որ 2022 թվականի համար նոր դասագիրք չի հրատարակվել, և այժմ «Գրականություն» առարկան դպրոցներում ուսումնասիրում են 2006-2007 թվականներին հրատարակված դասագրքերի՝ տարբեր տարիների վերահրատարակված տարբերակներով։
Նշված դասագրքերի ցանկը հաստատված է նաև 2023-2024 թվականների ուսումնական տարվա համար՝ ԿԳՄՍ նախարարի փետրվարի 13-ի հրամանով։ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ հանրակրթական նոր չափորոշիչներով դասագրքերի հրատարակման մրցույթ է հայտարարվել, որն ամփոփվելու է ընթացիկ՝ 2023 թվականի ապրիլի 21-ին միայն։
Այսպիսով, պնդումը, թե ԿԳՄՍՆ-ն «Գրականություն» առարկայի դասագրքերից հեռացրել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը՝ փոխարինվելով այն «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» բառակապակցությամբ, կեղծիք է․ հանրակրթական դպրոցներում նշված առարկան շարունակվում է ուսումնասիրվել դեռևս 2006-2007-ին կազմված դասագրքերի վերահրատարակված տարբերակներով, որոնցում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը։
Նանե Մանասյան