Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ իրավասությունը չի տարածվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վրա։
Մասնավորապես, լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հնարավոր է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման համատեքստում կառույցը և ՌԴ-ն՝ որպես դրա ամենահզոր անդամ, ՀՀ-ին ավելի եռանդուն՝ առաջին հերթին ռազմական աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի դեմ հակամարտությունում։
Ի պատասխան՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոսաչովն ասել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, չի մտնում կազմակերպության իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա (համակարտության-խմբ.) նկատմամբ»:
Նա նաև հավելել է, թե միայն մեկ կողմին աջակցելը կսրի հակամարտությունը։
ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ենթարկվել է ագրեսիայի
Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռազմական գործողություններ իրականացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Հարձակման օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
FIP.am-ը դեռևս սեպտեմբերին Google Earth արբանյակային քարտեզի միջոցով ցույց էր տվել, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ տարածքում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով տեղահանվել է 7600 քաղաքացի, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 1-ը՝ անհետ կորել: 7 քաղաքացիական անձ վիրավորվել է:
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ հոկտեմբերին հայտարարել է, որ 2021-2022 թվականների հարձակումների հետևանքով ադրբեջանական կողմը ընդհանուր առմամբ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 127 քառակուսի կիլոմետր:
Ինչ է ասում ՀԱՊԿ կանոնադրությունը
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով ՀԱՊԿ կանոնադրությունը, պարզեց, որ իրականում այն հստակորեն սահմանում է, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կազմակերպությունը անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում:
Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:
4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»:
Նույն հոդվածում նշվում է նաև, որ «մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Այսպիսով, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում կազմակերպության իրավասության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Հետևաբար, կեղծ է նաև պնդումը, թե այդ դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը, քանի որ կանոնադրությունը հստակ սահմանում է անդամ երկրների գործողությունների հերթականությունը դաշինքի անդամ այլ երկրի նկատմամբ ագրեսիայի պարագայում։
Լուսինե Ոսկանյան