Ազգային ժողովի ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նոյեմբերի 19-ին հայտարարեց, որ գործատուի կողմից աշխատանքից ազատելու որոշման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն ունի երկու ամիս՝ այդ որոշումը դատական կարգով վիճարկելու համար։
Ազգային ժողովում քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գործատուի կողմից գրավոր կերպով աշխատողից բացատրություն պահանջելու պարտականությունը:
Քննարկման ժամանակ Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից հնչեցված՝ գործատուի կողմից աշխատողին աշխատանքից ազատելու կարգի մասին հարցին, պատասխանեց․ «Եթե գործատուն գտնում է, որ աշխատողը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին կամ իր կողմից կատարվող աշխատանքին, իրավունք ունի ազատել, աշխատողն էլ եթե համաձայն չէ ազատման հետ, իրավունք ունի ազատումը Աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասի համաձայն բողոքարկել դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում»։
Պատգամավորը ճիշտ է մեջբերում Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված է աշխատանքային վեճերը դատական կարգով լուծելու կարգը, սակայն սխալ ժամկետներ է նշում։
Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:
ԼՐԱՑՈՒՄ. 2014 թվականին Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխություններով՝ աշխատողի համար դատարան դիմելու ժամկետը երկարացվել է՝ մեկից դառնալով երկու ամիս։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։
Սևադա Ղազարյան