Հունիսի 19-ին՝ Հանրայինի եթերում տնտեսության ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով նվազագույն աշխատավարձի բարձրացման հեռանկարից, հայտարարեց, որ 2023 թվականից սկսած նվազագույն աշխատավարձը դառնալու է 85 հազար դրամ։
Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ Բագրատյանը հայտարարեց․ «․․․ ես հիմա հայտարարում եմ և դուք տեսնելու եք։ Նվազագույն աշխատավարձը 2023 թվի հունվարից 85 հազար ա լինելու, գրի մոտդ, որ ինձնից պահանջես»:
Բագրատյանն ասաց նաև, որ կենսաթոշակներն էլ են բարձրանալու, ինչին ի պատասխան, Թադևոս Ավետիսյանը հարցրեց, թե ինչքան կբարձրանան։
«Կհաշվարկենք, կտեսնենք․ մենք չենք կարա մի թիվ հայտարարենք, չկարանանք ապահովենք, ավելի լավ ա ճիշտ հաշվենք․․․ նվազագույնը հայտարարեցի, և Դուք կտեսնեք, բոլորս կտեսնենք՝ հունվարի մեկից էդ թիվը կունենանք»,- պատասխանեց Բագրատյանը
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նաև իշխող ուժի նախընտրական ծրագրի և կառավարության հնգամյա ծրագրի մաս է կազմում։ Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ։
Թեմայի վերաբերյալ պարբերաբար քննարկումներ եղել են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը դեռևս նախորդ տարեվերջին հայտնել էր, որ 2023-ից կարվեն առաջին քայլերը։
Թեև Բագրատյանը անառարկելի վստահությամբ պնդում էր, որ գալիք հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 85 հազար դրամ և ընդդիմադիր պատգամավորին առաջարկում էր այդ խոսքերը գրի առնել, այդուհանդերձ, այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2023 թվականի հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար, ոչ թե 85 հազար։
«․․․ մենք նախատեսում ենք, իհարկե դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենանք կենսաթոշակների բարձրացում։ Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»,- ելույթում մանրամասնեց վարչապետը։
Ըստ էության, վարչապետ Փաշինյանի հայտարարությունը «ջրում է» իր թիմակից պատգամավորի ինքնավստահ խոստումը։
Հատկանշական է նաև այն, որ ամիսներ առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հեղինակել էր նախագիծ, որով պետք է բարձրացվեր նվազագույն աշխատավարձը, սակայն նախագիծը մերժվեց գլխադասային հանձնաժողովի կողմից և չմտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Խմբակցության առաջին առաջարկով նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ, սակայն քննարկման արդյունքում առաջարկը մերժվեց։ Նույն օրենքում փոփոխություն կատարելու և նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մեկ այլ՝ լրամշակված առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրեր անց՝ փետրվարի 10-ին, որը գլխադասային հանձնաժողովում քննարկվեց ապրիլի 5-ին։ Ըստ այս նախագծի՝ նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ։ Նախագծում նշվում էր, որ օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս նախագիծը նույնպես չարժանացավ հանձնաժողովի հավանությանը։
Հատկանշական է նաև, որ «Հայաստան» խմբակցության առաջարկած երկրորդ նախագծում առաջարկվող նվազագույն աշխատավարձն ավելի փոքր էր, քան Բագրատյանի՝ օրեր առաջ հայտարարածը, սակայն հանձնաժողովը հավանություն չտվեց նախագծին։
Այսպիսով՝ պատգամավոր Բագրատյանի պնդումը, թե 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 85 հազար դրամ, առնվազն կասկածի տակ է, քանի որ այսօր վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը նախատեսվում է դարձնել 75 հազար դրամ։
Նարեկ Մարտիրոսյան