Շուրջ երեք տարի է, ինչ պետությունը չի կարողանում իրացնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։
2018 թ. հոկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնեց, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ գործը դատարան չհասավ, փոխարենը՝ մաքսայինի նախկին պետը Ծաղկաձորի՝ իրեն պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը։ Հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի դրվեց, սակայն գնորդ այդպես էլ չգտնվեց։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ որքան գումար է հատկացվում հյուրանոցի պահպանման համար, ինչ եղան չկայացած աճուրդները, և որքան գումար է ծախսվել կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր անձանց մեկուսացման, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված անձանց ապաստանելու համար։
Պահպանության համար հատկացված ծախսերն ու չկայացած աճուրդները
FIP.am-ի հարցմանն ի պատասխան Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի նվիրած «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունների ներսում առկա է 3257 միավոր շարժական գույք, ինչպես նաև շենք-շինությունների օգտագործման և սպասարկման համար հատկացված 1․38 հեկտար մակերեսով հողամաս:
Մինչ օրս հյուրանոցը վաճառելու համար կազմակերպվել է 6 աճուրդ։ Առաջին աճուրդը կազմակերպվել է 2019 թ. դեկտեմբերին, մեկնարկային գինը եղել է շուրջ 7 միլիարդ 526 միլիոն դրամ։ Վերջին աճուրդը կազմակերպվել է 2020 թ. դեկտեմբերի 14-ին, մեկնարկային գինը եղել է արդեն 6 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այսինքն, սկզբական գնից այն նվազել է շուրջ 1 միլիարդ 74 միլիոն դրամով։
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի աճուրդների բաժնի պետ Նարեկ Սանոսյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ վերը նշված 6 աճուրդներից և ոչ մեկին մասնակիցներ չեն եղել։
Նշենք, որ ներկայումս հյուրանոցը ներկայացված չէ աճուրդի։
Կոմիտեն ունի տվյալ գույքի պահպանման գործառույթ ունեցող մեկ աշխատակից, որին մինչ օրս վճարել է շուրջ 2․6 միլիոն դրամ, ինչպես նաև սկզբնական փուլում քաղ-իրավական պայմանագրերի հիմունքներով պահպանության ծառայությունների մատուցման համար ծախսվել է շուրջ 995 հազար դրամ։
Պաշտոնյաների հայտարարությունները հյուրանոցի մասին
Առաջին աճուրդի կայանալուց առաջ՝ 2019 թ. հոկտեմբերի 1-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի ամբիոնից հյուրանոցի իրացման մասով հայտարարել էր․ «Հանձնման և ընդունման աշխատանքները ավարտելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի՝ կա՛մ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորը աշխատեցնի որպես հյուրանոց, կա՛մ հանձնվելու է սակարկությունների ձևով աճուրդի։ Մենք չենք պահելու հենց այնպես և շատ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել»։
Առաջին աճուրից հետո՝ 2019 թ. դեկտեմբերի 11-ին, Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր նաև, որ աճուրդին հայտ ներկայացնող մեկ ընկերություն կա։
«Մեկ ընկերություն կա, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետև մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»,- ասել էր Բաբայանը:
Ավելի ուշ՝ արդեն 2020 թվականին, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Նարեկ Բաբայանն ասել էր, որ հյուրանոցը, որն այդ փուլում ծառայում էր որպես կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր անձանց մեկուսացման վայր, դեռ պետք է հետ վերցնեն Առողջապահության նախարարությունից, ապա հանձնում-ընդունում անեն: Կոմիտեի նախկին ղեկավարը վստահեցրել էր՝ հյուրանոցում մեկուսացվածներին տեղավորելու հանգամանքը չի ազդի վաճառքի վրա:
Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանի համաձայն՝ 2020-ից հետո այդպես էլ աճուրդներ չեն կազմակերպվել։
Կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտավորների մեկուսացման, պատերազմից հետո ապաստանած արցախցիների համար հատկացված ծախսերը
Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում կորոնավիրուսով վարակված կամ նրանց հետ շփում ունեցած անձինք մեկուսացվում էին «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։ Այն, որ Հայաստանը 5-աստղանի հյուրանոցը դարձրել է կարանտինային գոտի, լայնորեն տարածվեց համացանցում, այդ թվում՝ արտասահմանյան կայքերում։
2019-2021 թվականներին հյուրանոցի էներգետիկ և կոմունալ ծախսերը կազմել են շուրջ 94 միլիոն 931 հազար դրամ։
Ի պատասխան մեր հարցման, թե որքա՞ն գումար է տրամադրվել հյուրանոցին այն ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսով վարակակիր և կոնտակտավոր անձինք մեկուսացվել էին հյուրանոցում, Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում հյուրանոցի էներգետիկ և կոմունալ ծախսերը կազմել են շուրջ 20 միլիոն 442 հազար դրամ։
44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս, հյուրանոցում ապաստանել են Արցախից տեղահանված մի շարք քաղաքացիներ։ Այդ ժամանակահատվածի համար էներգետիկ և կոմունալ ծախսերը կազմել են 54 միլիոն 952 հազար դրամ։ Այս պահի դրությամբ հյուրանոցում բնակվում է Արցախից տեղահանված 131 անձ։
Ի՞նչ կլինի այդ թանկարժեք հյուրանոցի ճակատագիրը՝ դեռ հայտնի չէ։
Շուշան Ստեփանյան