Մայրաքաղաքային սփռումով եթեր հեռարձակվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության եթերում դերասան Գնել Սարգսյանը վարում է «Ազատ շփում» անվանմամբ հաղորդում, որի ժամանակ շոշափում է տարատեսակ քաղաքական թեմաներ։ Հաղորդման ընթացքում հնչած մտքերը հիմնականում Սարգսյանի գնահատողական դատողություններն են ու պատկերացումները՝ այս կամ այն իրադարձության ու երևույթի մասին։ Այդուհանդերձ, ընդամենը 2 հաղորդման դիտարկման արդյունքում հայտնաբերեցինք մի քանի փաստական սխալներ և մանիպուլյացիաներ։
Ի՞նչ է խոսել Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին
Հաղորդման փետրվարի 9-ի թողարկման ժամանակ Սարգսյանն անդրադառնում է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան հրապարակմանը՝ հակադարձելով դրան․ «Դուք էիք, որ Գենշտաբի նախկին պետին հրավիրում էիք Զինված ուժերով հանդերձ միանալ ձեր փողոցային գործունեությանը՝ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված։ Էն պարագայում, երբ որ նույն Գենշտաբի պետը՝ Օնիկը, պատերազմի երրորդ օրը խոսում ա քաղաքական վերլուծական թեմաներից, քան թե նայելու, թե էնտեղ (Արցախում-խմբ․) ինչ ա տեղի ունենում»։
Ընդգծված արտահայտությունն ուսումնասիրելիս պարզեցինք, որ այն ժամանակվա Գլխավոր շտաբի պետը 2020-ի պատերազմի 44 օրերի ընթացքում միայն մեկ անգամ է հրապարակային խոսքով հանդես եկել, և դա եղել է պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ հրապարակվեց Օնիկ Գասպարյանի մարտակոչը։
Օնիկ Գասպարյանի հաջորդ ակտիվությունն արդեն պատերազմի ավարտից անմիջապես հետո էր՝ նոյեմբերի 10-ին։ Այդ օրը Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունների ղեկավարների հետ։ Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, Օնիկ Գասպարյանը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասում էր, որ «որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում Զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար» և որ «պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը»։
Նոյեմբերի 17-ի իր ուղերձի մեջ Գասպարյանը նշել էր նաև․ «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի օրերին քաղաքական-վերլուծական որևէ հայտարարություն չի արել, իսկ պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ խոսքը ոչ միայն քաղաքական-վերլուծական չէ, այլ նաև արվել է գաղտնի պայմաններում՝ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը հասանելի էր բացառապես նիստի մասնակիցներին։
Միութենական պետության մասին
Գնել Սարգսյանը, դարձյալ խոսելով «Հայաստան» խմբակցության մասին, ասում է․ «Ձեր խմբակցության, ձեր դաշինքի ղեկավարը շատ կարճ ժամանակ առաջ խոսում էր միութենական երկիր ստեղծելու գաղափարի մասին․․․ Միութենական պետության գաղափարի մեջ Հայաստան, Ռուսաստան, Բելառուսն էր։ Այսինքն դա նշանակում է, եթե հունիսի 20-ի ընտրությունները հաղթած լիներ Ռոբերտ Քոչարյանը, այս պահի մեր հայ զինվորը նույնպես, ըստ ընթացակարգերի, միութենական պետության շրջանակներում պիտի գտնվեր ռուս-ուկրաինական սահմանագծում»։
Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է 2021 թվականի հոկտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ասածին։ Factor TV-ի լրագրողը հարցրել էր․ «Արդյո՞ք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու տարբերակը ձեզ համար քննարկման ենթակա է, թե՞ ամեն դեպքում Հայաստանի անկախությունը ձեզ համար անսակարկելի արժեք է»։
Ի պատասխան, Քոչարյանն ասել էր․ «Գիտե՞ք, ես 10 տարի նախագահ եմ եղել Հայաստանում։ Այն ժամանակ արդեն ձևավորվում էր Ռուսաստան-Բելառուս այդ միությունը, և երբեք նման հարց մենք չենք քննարկել։ Այն ժամանակ դա ինձ համար իմ օրակարգի հարցը չէր։ Այն, ինչ տեսնում եմ հիմա, իմ մոտ հարցեր է առաջացնում՝ իրո՞ք մենք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունենք Հայաստանում։ Հիմա ես պատրաստ չեմ Ձեր հարցին պատասխանել միանշանակ։ Ես կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք՝ մեր անկախությունը ինչքանով է վտանգված հիմա և ինչ հեռանկարներ կան։ Վերլուծության կարիք կա։ Ես հիմա, ուղղակի կրկնեմ, պատրաստ չեմ այդ հարցին տալ միանշանակ պատասխան․․․»։
Ըստ էության, Քոչարյանը խոսել է ոչ թե միութենական պետություն ստեղծելու հեռանկարի օգտին, այլ պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ պատրաստ չէ պատասխանել դրան։ Հետևաբար, Գնել Սարգսյանի պնդումը, թե Քոչարյանի ղեկավարած դաշինքի ընտրվելու պարագայում արդեն իսկ Հայաստանը ընդգրկված կլիներ միութենական պետության կազմում, մանիպուլյատիվ է։
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունը
Հաղորդման մեկ այլ թողարկման ժամանակ Գնել Սարգսյանն անդրադառնում է արտագնա աշխատանքի մեկնելու խնդրին․ «Սա ինձ հիշեցրեց ևս մի դրվագ, երբ որ Տիգրան Սարգսյանին, ով որ ժամանակին վարչապետ էր, հարցրեցին ահռելի թվերի հասնող արտագաղթի հետ կապված, նա էսպես, իրեն հատուկ, չգիտեմ, երևի ինչ-որ բանի տակ էր, որովհետև հայտնի վիդեոները ցույց են տալիս, որ դա առանձին դեպքեր չեն, ասաց՝ հա՛, ի՞նչ վատ կլինի (իբր հումոր ա անում էլի), թող մի 500 հազար մարդ որ մնան, ավելի հեշտ կլինի կառավարելը»։
Խոսքը 2012 թվականին «168 ժամում» տպագրված հոդվածի մասին է, երբ լրագրողի հարցին, թե «կրիտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու», Տիգրան Սարգսյանը ծիծաղով պատասխանում է․ «Ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախնե՞ն, որ էդ կրիտիկական զանգվածը մնա ստեղ ու ստեղ լինի հեղափոխությու՞ն»։ Այս խոսքերին զուգահեռ՝ ծիծաղում է նաև լրագրողը։ Այնուհետև վարչապետ Սարգսյանն ավելի լուրջ տոնով հավելում է․ «Բայց ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Ինչպե՞ս անենք, լավ, պետք ա մենք նենց անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում։ Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում ա, չէ՞, ավելանում ա զանգվածը, որն աջակցում ա իշխանություններին, եթե դա իշխանության հաջողությունն է։ Իսկ եթե իշխանություններն ունենում են անհաջողություն, ժողովուրդն ավելի հակված ա իր ձայները տալ ընդդիմությանը։ Ոչ մի իշխանություն, հավատացեք ինձ, էդպիսի ցանկություն չունի, այնպես աշխատի, որպեսզի իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»։
Ավելի ուշ՝ 2012-ի հունիսին, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Արամ Մանուկյանը նույն արտահայտության վերաբերյալ հարց էր տվել Տիգրան Սարգսյանին, ինչին ի պատասխան Սարգսյանն ասել էր, որ թերթի խմբագրությունն արդեն ներողություն է խնդրել այդ հատվածը ճշգրիտ չներկայացնելու համար։
«168 ժամը», իր հերթին, պատասխանելով Տիգրան Սարգսյանի ելույթին, գրել էր, որ «վարչապետը պարզապես ստում է» և որ իրենք ներողություն չեն խնդրել, այլ վերահրապարակել են վարչապետի մամլո ծառայության պարզաբանումն այն մասին, որ Սարգսյանը կատակել է, իսկ լրագրողը դա հաշվի չի առել: Տիգրան Սարգսյանը Յութուբի իր ալիքում ավելի վաղ հրապարակել էր հարցազրույցի այդ հատվածի ձայնագրությունը, որտեղ պարզ էր դառնում Սարգսյանի ասածի համատեքստը։
Այսպիսով՝ Գնել Սարգսյանի ներկայացրածը որևէ կապ չունի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածի հետ, քանի որ վերջինս չի ասել, թե «500 հազար մարդ որ մնան, ավելի հեշտ կլինի կառավարելը»։
Ամփոփելով՝ արձանագրենք, որ սոցցանցերում ու հեռուստատեսությամբ որոշակի լսարան ունեցող դերասան Գնել Սարգսյանն իր «Ազատ շփում» հաղորդաշարում փաստերի ազատ մեկնաբանությունից զատ, նաև մանիպուլացնում և խեղաթյուրում է փաստերը։
Նարեկ Մարտիրոսյան