2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ։
Նա շեշտեց, որ խոսքը գնում է ստրիպտիզ և նմանատիպ այլ զվարճանքի ակումբների մասին: «Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք», — ասաց Կարեն Կարապետյանը:
Այս հանձնարարականից անցել է ավելի քանի մեկ տարի, սակայն գեթ մեկ գործնական քայլ չի ձեռնարկվել։ Վարչապետին ուղղված մեր գրության պատասխանը ստացանք Երևանի քաղաքապետարանից:
«․․․գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության դրանք այլ վայր տեղափախելու նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու համար մշակվում է նախագիծ», — ասված է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից ստացված գրությամբ։
Արձանագրելով, որ նախարարությունները չեն կատարել վարչապետի հանձնարարականը՝ փաստենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը ինքնակառավարվող մարմին է և ենթակա չէ կառավարությանը: Այսինքն, կառավարությունը չի կարող մեր հարցմանը պատասխանելու իր պարտականությունը պատվիրակել քաղաքապետարանին – դա հակասում է թե օրենսդրությանը և թե տեղական ինքնակառավարման մարմինների անկախության սկզբունքին: