Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մարտի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար Գերմանիայում անձը պետք է վճարի 300 եվրո:
Մասնավորապես, համեմատելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և եվրոպական մի շարք երկրներում՝ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանում շատ հարցերում ավելի լավ է։ «Իմ դուստրը սովորում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի բավականին էլիտար ու ճանաչված կրթական համակարգում, որտեղ վճարները մուծված են թե՛ առողջության, թե՛ կյանքի ապահովագրության, թե՛ կրթության և կեցության համար, բայց երբ որ տվյալ բուհի ուսանողներից որևէ մեկը, համապատասխան սիմպտոմներ ունենալով դիմում է առողջապահական համակարգ թեստի համար, իրեն ասում են 300 եվրո մուծի, որ քեզ թեստավորենք»,- ասել էր Սարգսյանը։
Վերջինիս խոսքով՝ սիմպտոմներ ունեցող երիտասարդներին, որոնք 38 աստիճանից բարձր ջերմություն չունեն, հորդորում են հետևել կանոններին և ուղարկում են տուն: Թեստ հանձնում են միայն 300 եվրո վճարողները:
«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողներից մեկը խնդրել է պարզել, թե արդյո՞ք Արամ Սարգսյանի վերոնշյալ պնդումը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:
Կորոնավիրուսի համավարակը Գերմանիայում
Գերմանիայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի հունվարի 28-ին: Ապրիլի 1-ի դրությամբ վարակակիրների թիվը 54,933 է: Երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվն այլ երկրների ցուցանիշների համեմատ բավականին ցածր է՝ 775: Համեմատության համար նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարտի 29-ի տվյալերի համաձայն՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը շուրջ 37,450 է, իսկ մահերի թիվը հասել է 2311-ի:
Շատ մասնագետներ համարում են, որ Գերմանիայի այս ցուցանիշը քաղաքացիների վաղ և մեծաթիվ թեստավորման արդյունք է:
Մարտի 27-ին Գերմանիայի առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել ավելացնել թեստավորումների թիվը՝ օրական հասցնելով դրանք 200 հազարի: Նախկինում շաբաթական 300 հազար թեստ էր կատարվում:
Ի՞նչ արժե նոր տեսակի կորոնավիրուսի ստուգման թեստը
Ըստ Գերմանիայի առողջապահության նախարարության՝ 2020 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ բժշկական ապահովագրության ֆոնդերն են վճարում կորոնավիրուսի թեստավորման համար: Սակայն բուժող բժիշկն է որոշում կայացնում, թե արդյո՞ք պացիենտը պետք է թեստավորվի:
Եթե բժիշկը եզրակացնում է, որ թեստավորումն անհրաժեշտ է, ապա գումարը տրամադրում է բժշկական ապահովագրությունը: Մարդիկ, որոնք Գերմանիայի մշտական բնակիչ չեն ու չունեն գերմանական բժշկական ապահովագրություն, պետք է պարզեն, թե արդյո՞ք իրենց միջազգային ապահովագրությունը թեստի ծախսերը փակում է, թե՞ ոչ:
Հարկ է հասկանալ, սակայն, թե ինչպես է գործում բժշկական ապահովագրությունը Գերմանիայում:
Գերմանիայի բնակչության 85 տոկոսն ունի պետական բժշկական ապահովագրություն, իսկ մնացած մասը՝ մասնավոր ապահովագրություն:
Կախված լաբորատորիայից, որտեղ իրականացվում է նոր տեսակի կորոնավիրուսի թեստավորումը, գործընթացի արժեքը կարող է տարբեր լինել: Համբուրգում, օրինակ, կորոնավիրուսի մեկ թեստի համար ապահովագրական ընկերությունը վճարում է 128․23 եվրո։ Իսկ եթե անձը նախընտրում է վճարել իր գրպանից, ապա արժեքը կազմում է 147․46 եվրո: Սակայն կարող են լինել նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ արդյունքները փոստով ուղարկելու հետ կապված: Դյուսելդորֆում գործընթացն ավելի թանկ կարող է արժենալ: Այնտեղի լաբորատորիաներում ապահովագրական ընկերություններն անձի թեստավորման համար վճարում են 204 եվրո, իսկ նրանց համար, որոնք ապահովագրության միջոցով չեն վճարում, թեստն արժե 234 եվրո:
Պետք է հաշվի առնել նաև, որ առանց բժշկի ցուցումի՝ թեստն անհնար է իրականացնել: Այդպիսով, ներառյալ բժշկի հետ խորհրդատվությունը, ամբողջական ծախսերը հիմնականում կազմում են 300 եվրո:
Այսպիսով, Արամ Սարգսյանի հայտարարությունը, թե Գերմանիայում կորոնավիրուսի թեստ հանձնելու համար հարկավոր է վճարել 300 եվրո, թեև ճիշտ է, սակայն ապակողմնորոշիչ, քանի որ այդ գումարը վճարում են ոչ թե քաղաքացիները սեփական գրպանից, այլ բժշկական ապահովագրական կազմակերպություննեը։
Լուսինե Ոսկանյան