Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, ում խոսքերը մամուլում սխալ էին մեկնաբանվել։
Դեսպանը, մասնավորապես խոսելով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, ասել էր հետևյալը ․«2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկը այն պետությունների և կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո»:
Այս խոսքերը, սակայն, մեկնաբանվել են բոլորովին այլ կերպ․ «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, մեկ տարի առաջ Եվրամիության հետ խորը համագործակցության ցանկություն կար, իսկ հիմա Եվրամիությունը Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է: Այնինչ, ԵՄ-ն միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի»։
Քիսլերի սխալ ներկայացրած խոսքերի հիման վրա Hraparak.am կայքը «ԵՎՐՈՊԱՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԴԵԳՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ» վերնագրով վերլուծություն ներկայացրեց, իսկ երբ դեսպանատունը կայքից հերքում պահանջեց, նշեց, որ մեղավորը թարգմանիչն է, և վերլուծությունը գրել են tert.am-ի ռեպորտաժի վրա հիմնվելով։ Նկատենք, սակայն, որ չնայած ընդունված էթիկայի նորմերին, վերլուծությունում չկա որևէ հղում Tert.am-ին։
Հատկանշական է , որ դեսպանատան տարածած հերքման մեջ նշված են միայն Hraparak.am և Lragir.am կայքերը, մինչդեռ ապատեղեկատվությունը ավելի լայն տարածում էր գտել։ Իր հերթին Lragir.am-ը ևս տեղադրել է հերքում, որտեղ չի մեղադրել, ոչ թարգմանչին, ոչ էլ գործընկեր Tert.am-ին։ Հերքումը տեղադրել է նաև հենց Tert.am-ը։
Ռաֆայել Աֆրիկյան