«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 30-ին Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ի տարբերություն նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության, զինադադարի մասին բոլոր համաձայնագրերում խոսվել է ռազմագերիներին անհապաղ փոխանակելու մասին:
«Նախ ասեմ՝ այս փաստաթղթի այս կետը, որ գրված է, առաջին զինադադարից սկսած բոլոր համաձայնագրերում՝ դեռ նաև չվավերացված, չստորագրված նախագծերում, եղել է «անհապաղ վերադարձ»: Այս փաստաթղթում այնքան ապաշնորհ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այնքան անուշադիր է եղել իր զինվորների ճակատագրի հարցում, որ նույնիսկ չի պնդել անհապաղ բառը»,- ասել է նա:
Մանուկյանը, որը վերջին օրերին հացադուլ էր անում վարչապետի հրաժարականի պահանջով, նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նոր կառավարությունն ի վիճակի կլինի նոյեմբերի 10-ին ընդունված հայտարարությունում եղած կետերը հնարավորինս լավագույն կերպով օգտագործել, այդ թվում՝ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում:
Fip.am-ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ՝ ճշտելու, թե կոնկրետ ո՞ր փաստաթղթերում է, իր պնդմամբ, եղել կետ՝ գերիների անհապաղ վերադարձի մասին: Նա նշեց, որ խոսքը պատերազմի ընթացքում հաստատված զինադադարի բոլոր փաստաթղթերի մասին էր:
«Բացի այդ, Միքայել Մինասյանը հրապարակել է նախագիծ, որը մինչև այժմ չի հերքվել իշխանությունների կողմից, որտեղ անհապաղ բառը շեշտված է»,- հավելեց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանի պնդումը, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունում ռազմագերիների վերաբերյալ կետում բացակայում է «անհապաղ» բառը ճիշտ է, սակայն արդյո՞ք շրջանառված և հրապարակված նախորդ հայտարարություններում այս բառը եղել է։
Այսպես, պատերազմի մեկնարկից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախաձեռնությամբ 3 անգամ հաստատվել է հրադադար, որոնք, սակայն, փաստացի չեն պահպանվել:
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ պայմանավորվել են հրադադարի մասին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ:
«2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն»,- նշվում էր հայտարարությունում։
Հրադադարի հաստատման մյուս փորձերը եղել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին: Դրանցում կրկին հղում է արվել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարությանը, իսկ տեքստը փոփոխության չի ենթարկվել: Դրանցից ոչ մեկում չի օգտագործվել անհապաղ բառ, ավելին՝ առանձին կետով նոր անդրադարձ չի եղել ռազմագերիների խնդրին։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին, մինչև պաշտոնական հայտարարության տարածումը, համացանցում հայտնվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության մեկ այլ տարբերակ, որում ևս ռազմագերիների վերադարձի մասին կետում չի եղել անհապաղ բառը:
Ինչ վերաբերում է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, ապա նշենք, որ, ըստ նրա, հոկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է հրադադարի փաստաթուղթ, որը մերժվել է:
«Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»: Այս ձևակերպումը՝ «ԱՆՀԱՊԱՂ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում»,- նշել է Մինասյանը Ֆեյսբուքում նոյեմբերի 29-ի գրառման մեջ։
Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի հավաստիությունը և դրա գոյությունը, սակայն, ստուգել հնարավոր չէ:
Այսպիսով, Գեղամ Մանուկյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ ստորագրված հրադադարի փաստաթղթերում ռազմագերի մասին կետում եղել է անհապաղ բառը, չի համապատասխանում իրականությանը: Իսկ Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասով հնարավոր չէ գնահատական տալ։
Լուսինե Ոսկանյան