Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործող CPS բենզալցակայանը 13 տարի շարունակ գործում է օրենքի խախտմամբ: Փաստը հաստատում են հարցին առնչվող պետական բոլոր գերատեսչությունները, սակայն մարդկանց կյանքի համար վտանգավոր գործունեությունը չի կասեցվում։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաստատել է՝ բենզալցակայանն աշխատում է 6 կետի խախտումով. բնակելի շենքերից սահմանված հեռավորությունը պահված չէ, հակահրդեհային համակարգ չկա, չի ներկայացվել արտադրական վտանգավոր օբյեկտի փորձաքննության եզրակացություն և այլն։ Ավելին՝ նշված հասցեի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից որևէ տեսակի եզրակացություն կամ թույլտվություն չի տրվել։
Ի դեպ, բենզալցակայանը կառավարող CPS ընկերությունն իր կայքում ներկայացրել է ցանցի բոլոր բենզալցակայանները հասցեներով, բացի Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում անօրինական գործող բենզալցակայանից։
Ահազանգողը բնակիչներն են
Բենզալցակայանից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Աղբյուր Սերոբ 52 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչ Գոհար Կարապետյանն այս խնդրով դիմել է FIP.am-ին: Ըստ նրա՝ շուրջ երկու տարի պետական բոլոր դռները թակել է, և ոչ մի արդյունք։ Բնակիչները ոչ միայն պայթյունի վտանգից են անհանգստացած, այլև դժգոհում են տարածվող բենզինի հոտից։
«Սահմանված հեռավորություն չկա, օրենքով 50 մետր հեռավորություն պետք է լինի բնակելի շինություններից, բայց այնտեղ մի մետր հեռավորություն էլ չկա իմ տնից, իսկ 4 մետր հեռավորություն ընդհանուր շենքից, 8 բնակարան կա այդ 3 հարկանի բազմաբնակարան շենքում։ Իմ բնակարանը կպած, պատը պատի վրա, ես չեմ կարողանում ապրել, հոտը խեղդում է։ Բացի այդ, ամեն պահի կարող է հրդեհ բռնկվի և Սուրմալուի նման դեպք գրանցվի, հետո իրար նայեն ու մեղավոր չգտնեն։ Հակահրդեհայինը տալիս է, որ այստեղ բենզալցակայան լինելու իրավունք չկա, բայց կա ու գործում է, դիմում եմ ոստիկանություն, դիմում եմ վարչապետի աշխատակազմ, դիմում եմ վարչապետի վերահսկողություն, քաղաքապետարանի ու թաղապետարանի մասին էլ խոսք չկա, ու ոչ մի բան չի փոխվում»,- ասում է նա։
Կարապետյանի պնդմամբ՝ տեսչական մարմինը տուգանել է բենզալցակայանը ներկայացնող «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությանը, ինչին ի պատասխան ընկերությունը տուգանքի համար դատի է տվել՝ պատճառաբանելով, թե տուրքերը նորմալ վճարում է։ Իսկ դատավարության վերջը չի երևում։
Ըստ նրա՝ բենզալցակայանը գրանցված չէ, այդ տարածքում բենզին վաճառելու իրավունք չունի։ «Այսինքն այդ տարածքը տրվել է հանրային գործունեություն ծավալելու համար, որպես առևտրի սրահ, բայց իրենք բենզին են վաճառում, մինչդեռ բենզինի վաճառքի դեպքում պետք է նշվի բենզալցակայան, այսինքն՝ դու չես կարող ծաղկի սրահի կամ հագուստի սրահի անվամբ բենզին վաճառես»,- նշում է բնակիչը։
Գոհար Կարապետյանի խոսքով՝ երբ դիմել է Արաբկիրի թաղապետարան, նախ իրեն հավատացրել են, որ բենզալցակայան որպես այդպիսին չունեն, հետո պարզվել է, որ նույն թաղապետարանն է տարեկան թույլտվություն տալիս 24 ժամ բենզին վաճառելու։
«Իհարկե, պետք է տեսչական մարմինը կասեցնի, որովհետև բենզին վաճառելու իրավունք սահմանում է հենց այդ մարմինը: Հիմա թաղապետարանը ծանոթացել է խնդրին և այս անգամ մերժել է 24 ժամ աշխատելու և բենզին վաճառելու թույլտվություն տալ, բայց նրանք, միևնույնն է, 8 ամիս էլ շարունակում են բենզին վաճառել: Դիմել եմ վարչապետի աշխատակազմ, որ խնդրում եմ այդ բենզալցակայանի գործունեությունը կասեցրեք։ Իրենք էլ ասում են՝ տեսչական մարմնի հետ դատական վեճ կա։ Հիմա որ կառույցին դիմես՝ ասում է դատական վեճ կա։ Ասում եմ՝ դատական վեճ կա, բայց իմ անձի հետ կապված չկա, իմ կյանքն ու առողջությունը վտանգի տակ է։ Հասկացանք, դատական վեճ կա, կարող է երկար ձգվի, դու լիազոր մարմին ուղարկի, գործունեությունը կասեցնի, թող դատական վեճը գնա»,- ասում է նա։
Աղբյուր Սերոբ 52/1 հասցեի մեկ այլ բնակիչ՝ Գայանե Խաչատրյանը նշում է, որ ի տարբերություն վառելիք վաճառող մյուս ընկերությունների սեփականատերերի՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության սեփականատեր Աշոտ Սալազարյանը թեև քաղաքական «դեմք» չէ, բայց ինչպես նախկինում է հաջողությամբ անօրինական աշխատեցրել այս բենզալցակայանը, այնպես էլ հիմա է շարունակում նույն անօրինական ձևով աշխատել։ Ըստ նրա՝ դեռ 2008-2009 թթ․-ին, երբ կազմակերպությունը դեռ նոր էր շինթույլտվություն ստացել քաղաքապետարանից, խոստանում էին, թե այստեղ միայն յուղերի վաճառքի կետ է լինելու, բայց հետո, ինչպես պարզվեց, դա ճիշտ չէր։
Բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու իրավասությունը, ըստ Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետինն է
Ի պատասխան FIP.am-ի հարցման՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշում է, որ Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գտնվող «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունում իրականացվել է ստուգում Տեսչական մարմնի ղեկավարի 05.05.2022 թ.հանձնարարագրի հիման վրա, 2022 թ. հունիսի 20-ից 22-ը ներառյալ։
«Ստուգման արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ, որի համար տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50,000 ՀՀ դրամ գումարի չափով (հոդվածով նախատեսված տուգանքի առավելագույնի չափով)։ Միաժամանակ, հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ»,- նշվում է պատասխանում։
Ըստ Տեսչական մարմնի` նշված բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին։
«Հարկ է նշել նաև, որ Տեսչական մարմնի կողմից որևէ տեսակի եզրակացություն կամ թույլտվություն վերը նշված հասցեի վերաբերյալ չի տրվել»,- նշում են տեսչականից։
Քաղաքապետարանը գրավոր պատշաճ տեղեկացրել է անհապաղ դադարեցնել գործունեությունը
Իր հերթին, Երևանի քաղաքապետարանը տեղեկացում է, որ 2010 թվականին տվյալ հասցեում համայնքը տվել է շինարարության թույլտվություն, բայց, ըստ էության, բենզին վաճառելու թույլտվություն չեն տվել, որովհետև հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի հաստատված ցանկ գոյություն չունի՝ տեխնիկական անվտանգության վերահսկողությունը սահմանված կարգով պետք է իրականացնեն մասնագիտացված կառույցները:
«Հեղուկ վառելիքի վաճառքի, ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություններ տրվել են այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք օրենքի սահմանված կարգով վճարել են տեղական տուրքը, ներկայացրել հայտ, պետական ռեգիստրի վկայական, շինության անշարժ գույքի վկայականի պատճենը։ 2009 թվականից մինչև 2022 թվականը օրենքի սահմանված կարգով, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան հաշվեհամարին է վճարել թվով 5 հասցեների համար տեղական տուրք և ներկայացրել է հայտ /համապատասխան կից փաստաթղթերով/: Ըստ այդմ, տրվել է հեղուկ վառելիքի վաճառքի, ինչպես նաև ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն»,- նշվում է պատասխանում:
Ըստ քաղաքապետարանի՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը ս/թ հունվարին Արաբկիր վարչական շրջանին վճարել է 3 միլիոն դրամ՝ հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության տեղական տուրք, և 600,000 դրամ՝ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրք: Քաղաքապետարանից շեշտում են՝ Արաբկիրի թաղապետարանը CPS-ի կողմից շահագործվող մի շարք բենզալցակայաններում վաճառքի թույլտվություն ստանալու համար հայտեր է ստացել, որոնցից միայն մեկը՝ խնդրո առարկա Ա.Սերոբ փող. N 52/7 հասցեի բենզալցակայանը, թույլտվություն չի ստացել:
««ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությանը գրավոր պատշաճ տեղեկացվել է գործունեությունն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանվել է չդադարեցնելու դեպքում իրավաբանական հետևանքների մասին»,- նշվում է պատասխանում։
Օրինախախտ բենզալցակայանը՝ պարտաճանաչ հարկատու
Ուշագրավ է, որ ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության՝ Աղբյուր Սերոբ փողոցի 52/7 հասցեի բենզալցակայանը 01.01.2022-31.07.2022 թթ․ ժամանակահատվածում գործունեության բոլոր տեսակների համար հարկային մարմին է վճարել 7 միլիարդ 621 միլիոն 198 հազար դրամ հարկեր և տուրքեր։
CPS-ի սեփականատերը ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ է
Հատկանշական է, որ բարձրաձայնվող խնդիրը միակը չէ Երևանում։ «Հետքը» նախորդ տարի գրել էր, որ մայրաքաղաքում բենզալցակայանների 97 տոկոսը գործում է խախտումներով: Պարբերականն անդրադարձել էր նաև Հայաստանում բենզինի խոշոր ներկրողներից «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությանը։ Ըստ կայքի հետաքննության՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն» ՍՊԸ-ն հիմնադրել է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ Աշոտ Սալազարյանը՝ 2012 թվականին։ 2013-ից ընկերության բաժնետեր է դարձել Արթուր Դանիելյանը, իսկ 2019-ից Սալազարյանը կրկին դարձել է ընկերության միակ բաժնետերն ու գործադիր մարմնի ղեկավարը։ Սալազարյանը 2017 թվականին հիմնադրել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն, որի բոլոր բաժնետոմսերը երկու տարի անց ձեռք է բերել Արթուր Դանիելյանը։
«ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությունը 2020 թվականին Հայաստանում բենզինի խոշոր ներկրողներից էր։ Տեսչական մարմինը Երևանում մոնիտորինգ է անցկացրել այս ցանցի 38 բենզալցակայանում, որից 37-ում հայտնաբերվել էին շինարարական նորմերի խախտումներ։ Այս պահին, ըստ ընկերության պաշտոնական կայքի, քաղաքում գործում է 28 բենզալցակայան։
Նելլի Լազարյան