Օրերս ռուսական «Սպուտնիկ» գործակալությունը հրապարակեց ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի հոդվածը լի ուշագրավ հայտարարություններով, որոնք սակայն չեն համապատասխանում իրականությանը։
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը օբյեկտիվ որոշում է, այն որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես փորձում են ներկայացնել որոշ պոպուլիստ և դեմագոգ գործիչները», — հայտարարել է Ստեփանյանը։
Ըստ գեներալի՝ զորախմբի ստեղծման նպատակներից մեկը Նախիջևանում ադրբեջանական մեծաքանակ զինուժի կուտակմանը հակակշռելն է։ «Միացյալ զորախումբը ներառում է Նախիջևանի սահմանին տեղակայված մեր բանակային կորպուսը։ Դա ընդգծում է օգտագործման հնարավոր ուղղությունը», — նշել է Ստեփանյանը։
Նշենք, որ հայ-ռուսական միացյալ զորախմբում ներառվել է ՀՀ ԶՈւ-ի հինգերորդ բանակային կորպուսը, որը հիմնականում պատասխանատու է Թուրքիայի հետ սահմանի համար՝ Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի հատվածը։ Ավելին, այս զորամիավորումը հսկում է ոչ միայն Թուրքիայի, այլև Վրաստանի հետ Հայաստանի սահմանը, այսինքն, մեր հիմնական ռազմական թշնամու՝ Ադրբեջանի հետ հարցերի լուծման շրջանակներում այս զորամիավորումը որևէ կապ չի ունենալու։
Նախիջևանի սահմանին, մասնավորապես, գտնվում է 4-րդ բանակային կորպուսը, որն ընդգրկված չէ միացյալ զորախմբում։ Ու թեև գեներալ Ստեփանյանը պնդում է, որ այս զորախումբը հսկելու է հենց Նախիջևանի սահմանը, փաստենք, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Եվ ի վերջո, համաձայն պայմանագրի, ռազմական գործողությունների ժամանակ զորախումբը ենթարկվելու է ոչ թե Հայաստանի գլխավոր շտաբին, այլ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին՝ այլ կերպ ասած լինելու է Ռուսաստանի ենթակայության տակ։
Անհասկանալի է, թե ինչպես նման բարձր կոչումով ռազմական գործիչը կարող է խառնել 4-րդ և 5-րդ բանակային կորպուսները։ Պարզ չէ գեներալ Ստեփանյանը չի կարդացել պայմանագիրը և պատահական է նման վերլուծություններ կատարել, թե՞, այնուամենայնիվ, փորձում է միտումնավոր, փաստերի աղավաղմամբ առաջ մղել «ռուսը մեզ կփրկի» գաղափարը։